Ահա գնաց ևս մեկ բռնապետ։ Այս կամ այն տարբերությամբ իր այլ «գործընկերների» պես իշխանությունը զավթած, ընդդիմությանը ճնշած և քաղաքական պայքարից դուրս մղած, երկրի զարգացումը արգելափակած, հարազատ երկրում քաղաքացիական ընդվզումները արյան մեջ խեղդելու նպատակով օտար պետությունների (այս դեպքում՝ Հյուսիսային Կորեայի) օգնությանը դիմած մի շարքային բռնապետ։ Թերևս հումորի զգացում չունենալու մեջ նրան հնարավոր չէ մեղադրել։ Բավական է հիշել նրա հայտնի արտահայտությունը. «Միգուցե անհրաժեշտ է կիրառել այլ մեթոդներ՝ սահմանադրականից բացի...», կամ նրա ամուսնության առաջարկը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային՝ կապված ամերիկյան հասարակությունում միասեռ ամուսնությունների օրինականացման նպատակահարմարության բանավեճի հետ։ Ռոբերտն այդ ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է մեկնել Վաշինգտոն, ծնկի գալ Բարակի առջև և խնդրել նրա ձեռքը...

Ինչևէ, շարքային իրավիճակ հերթական բռնապետի համար, եթե չլիներ մի պատմական անցք, ինչը Զիմբաբվեի բռնատիրության ժամանակաշրջանի ամենահիշարժան հատվածն է դասեր քաղելու տեսակետից։ 2000 թվականին աֆրիկյան այս երկիրն ընկղմվեց խորը տնտեսական ճգնաժամի մեջ։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մուգաբեն հրամայեց ազատվել բոլոր սպիտակ ֆերմերներից։ Միաժամանակ ընդունվեց օրենք, համաձայն որի՝ բոլոր ձեռնարկատիրական կազմակերպությունները պետք է լինեն տեղացի սևերի վերահսկողության ներքո։ Եվ պետությունն ընկավ երկարատև ու տանջալից տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ։ Սկսվեց հիպերինֆլյացիան, որը պարալիզացրեց երկրի ֆինանսական համակարգը։ Բանը հասել էր նրան, որ սև շուկայում ԱՄՆ դոլարի դիմաց տրամադրվող տեղական արժույթն այն ծավալի էր, որ փոխանակողին էին հանձնում սայլակով։ Սա շատ բնորոշ մի պատմություն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ քաղաքական նպատակահարմարությունը հաղթում է տնտեսական տրամաբանությանը, երբ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելու է գալիս անկիրթ և ոչ ուսյալ լյումպենը...

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել