
1992թ.-ի հունիս-հուլիս ամիսներն ամենածանր ժամանակաշրջաններից էին Արցախյան ազատամարտի ընթացքում: Չնայած ազատագրվեց Շուշին ու Լաչինի միջանցքը, բայց ավելի ուշ ադրբեջանցիները 22 պետությունների աջակցությամբ հարձակվեցին Շահումյանի շրջանի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց պահեստազորի փոխգնդապետ, Թալիշ գյուղի ինքնապաշտպանության մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյան:
Հրամանատար Ապրեսյանն անձամբ է մասնակցել այն գործողություններին, որոնց ժամանակ անհայտ կորան «Արաբո», «Զեյթուն», «Արծիվ 13» ջոկատների ազատամարտիկները:
«Ծանր ժամանակներ էին: Հունիս 14-ին Շահումյանը դաժան ձևով դեպորտացիայի ենթարկվեց, որից հետո շարունակվեց նույնը Մարտակերտի Թալիշ, Չայլու գյուղերում: Ցավոք, այդ ժամանակ զոհվեց Մարտակերտի հրամանատար Գալստյանը: Մարտական ջոկատները կարելի է ասել մնացին «անգլուխ»: Ավելի վաղ զոհվել էր նաև մեր հանճարեղ հրամանատար Վլադիմիրը, ում ջոկատն ուժեղագույներից մեկն էր Մարտակերտի ինքնապաշտպանության ժամանակ»,- հիշեց փոխգնդապետ Ապրեսյանն ու ավելացրեց, որ այդ օրերին օգնական ուժեր եկան: Որոշվեց Հասան-Ղայա, Լենինավան ուղղություններով հակահարձակման գնալ:
«Ծրագիրը սա էր` 150 հոգի պետք է հարձակվեին Հասան-Ղայայի վրա: Նրանց հաջողության դեպքում` մենք շարժվելու ենք Լենինավանի ուղղությամբ: Նրանցիից հաջողության լուրի սպասեցինք, բայց ցավոք...
«Արաբո» ջոկատն անհայտ կորավ»,- ասաց Միքայել Ապրեսյանը:
Փոխգնդապետի խոսքով` «Արաբո» ջոկատի կազմում 75 ազատամարտիկ էր: 75-ից հետ եկան միայն 5-ը: Այդ մարտերի ժամանակ անհայտ կորան նաև «Արծիվ 13»-ի, «Զեյթունի», «Հոկտեմբերյանի» ջոկատի տղաները:
«Եթե ինձ պատճառների մասին հարցնեք, ես կասեմ, որ իմ կարծիքով, նրանց անհայտ կորելու գլխավոր պատճառը զենքի ու փամփուշտների պակասությունն էր»,- ասաց Միքայել Ապրեսյանն ու ավելացրեց` մենք հեռու էին` չէինք կարող տղերքին զենք հասցնել:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:



