2012-ին «ՀայՌուսգազարդի» ցույց տված բոլոր ծախսերի ավելի քան 1/3-ը (մոտ 37%-ը) մեր հարկային ծառայությունները հաշվի չեն առել շահութահարկ գանձելիս, այլ կերպ ասած` ծախս չեն համարել: Սա երևում է երեկ հրապարակված «ՀայՌուսգազարդի» 2012թ. ամփոփ ֆինանսական հաշվետվություններից:

Այսպես, «ՀայՌուսգազարդը» ցույց է տվել, թե անցած տարի իր բոլոր ծախսերը եղել են մոտ 244 մլրդ դրամ (վաճառքի ինքնարժեքը` 219.6 մլրդ, վարչական ու այլ գործառնական ծախսերը` 10.3 մլրդ, ֆինանսական ծախսերը` 14.1 մլրդ դրամ): Ընդ որում` այդ ծախսերը, ըստ «ՀայՌուսգազարդի», գերազանցել են եկամուտների ծավալը 60.2 մլրդ դրամով: Տրամաբանական կլիներ, որ եկամուտների չափը այս աստիճան գերազանցող ծախսեր արած ընկերությունը շահութահարկ չվճարեր: Բայց պարզվում է` «ՀայՌուսգազարդը» 6 մլրդ դրամի շահութահարկ է վճարել: Իսկ եթե ընկերությունը 6 մլրդ դրամի շահութահարկ է վճարել, նշանակում է` մոտ 30 մլրդ դրամի շահույթ է ունեցել` ըստ հարկայինի (որովհետև շահութահարկի դրույքաչափը 20% է, այսինքն` 6 մլրդ-ը 30 մլրդ-ի 20%-ն է):

Մեր հարկային օրենսդրությունն այնպիսին է, որ շահութահարկը հաշվարկելիս բոլոր ծախսերը պետք է փաստաթղթերով հիմնավորված լինեն: Ավելին` որոշ ծախսեր նորմավորված են: Ասենք, եթե Հայաստանում գործուղման համար աշխատողին ընկերությունը վճարում է 20 հազար դրամ օրապահիկ, հարկայինը դրանից միայն 8 հազարը կնվազեցնի եկամտից` շահույթ հաշվելու ժամանակ (համարելով, որ 8 հազարից ավել օրապահիկ վճարելու կարիք չկա): Բայց այս երկու տարբեր եղանակներով (հարկային և ֆինանսական) հաշվարված ընդհանուր ծախսերը չեն կարող իրարից էականորեն տարբերվել: «ՀայՌուսգազարդի» դեպքում դրանց տարբերությունը պարզապես հսկայական է` 90 մլրդ դրամ («ՀայՌուսգազարդի» ցույց տված 60 մլրդ դրամ վնասին գումարած հարկայինի 30 մլրդ դրամ շահույթը), ինչը կազմում է ընկերության ցույց տված ողջ ծախսերի (244 մլրդ դրամի) 37%-ը:

Այս ֆինանսական «հանելուկի» վերաբերյալ պատկերացում, թերևս, կարելի էր կազմել, եթե հրապարակվեին ոչ միայն ամփոփ ֆինանսական հաշվետվությունները, այլև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները: Սակայն, ցավոք, երեկ մենք չկարողացանք դրանք գտնել: Տարիներ առաջ «ՀայՌուսգազարդը» բորսայում պարտատոմսեր էր թողարկում և որպես հաշվետու թողարկող պարտավոր էր հրապարակել ֆինանսական հաշվետվությունները: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում տեղադրված վերջինհաշվետվությունը 2010 թվականինն է:

Եվս մի չափազանց հետաքրքիր փաստ: Ստացվում է, որ ըստ հարկային մարմինների` «ՀայՌուսգազարդի» շահույթը հսկայական աճ է ունեցել 2012-ին` 2011-ի համեմատ: 2011-ին վճարվել է 2.6 մլրդ դրամի շահութահարկ, այսինքն` մոտ 2.3 անգամ քիչ 2012-ի շահութահարկից (6 մլրդ դրամից): Այսինքն` կարող ենք ասել, որ «ՀայՌուսգազարդի» շահույթը (ըստ ՊԵԿ-ի) անցած տարի աճել է մոտ 130%-ով ու կազմել հասույթի (182 մլրդ դրամի) մոտ 16%-ը: Նույն սկզբունքով 2011-ի համար հաշվարկված իրացման շահութաբերությունը 8.6% է:

Այսպիսով, «ՀայՌուսգազարդի» ֆինանսական հաշվետվություններում ներկայացված թվերը լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, թեև «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ՍՊԸ-ն նախօրեին դրական աուդիտորական եզրակացություն է տվել: Ի վերջո, ընկերությունը թանկացրեց գազը` պատճառ բերելով սահմանին գազի գնի բարձրացումն ու դրա հետևանքով իր կրած (սպասվող) վնասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել