
ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ծանր հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորել է բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ։ Ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը քննության ընթացքում որևէ զարգացում չի բացառել։ «Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու միջնորդությունը հետաձգվել է, որ որոշվի, որ անձը հանցագործության արդյունքում տուժել է, անհրաժեշտ են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, և փորձաքննության արդյունքների ու այլ ապացույցների համադրության արդյունքում միայն հնարավոր կլինի հստակեցնել գործին մասնակից յուրաքանչյուր անձի դերը, նշանակությունը և իրավական գնահատականն ու գործողությունը»,– ասել է Գ.Կոստանյանը։ Լրագրողի՝ «հնարավո՞ր է քննչական գործողությունների արդյունքում Արտակ Բուդաղյանը ներգրավվի որպես մեղադրյալ» հարցին ի պատասխան, զինդատախազն ասել է. «Ամեն ինչ հնարավոր է։ Իրավական գնահատականներին կանդրադառնանք հաջորդիվ»։