Պահը առավել քան ճակատագրական է:
Հանրության համար իշխանությունները գոյություն չունեն:
Հանրության համար ընդդիմությունն արդեն գոյություն չունի:
Սա իրականում դրական պահ է, քանի որ հանրությունը ձերբազատվում է պատրանքներից և ստանում իր ներսը սթափ հայացքով նայելու հնարավորություն:

Բայց նաև ահավոր վտանգավոր իրավիճակ է՝ հանրությունը իրեն զգում է անսպասելի որբացածի, լքվածի, զենքերը կորցրած ու շրջափակման մեջ հայտնված զորաջոկատի հոգեվիճակում: Նման իրավիճակում անցանկալի ամեն դրսևորում հնարավոր է՝ ինքնախեղումից մինչև վերջնական անձնատուր լինելը, տարաչափ բունտից մինչև վրիժառություն:

Պահը ճակատագրական է՝ հանրությունը թողնված է ինքն իրեն. նա կամ իր մեջ ուժ է գտնում վիճակը հաղթահարելու, կամ խարխլվում է վերջնականապես:
Նման իրավիճակները որոշ հանրությունների մահվան են տարել:
Նման իրավիճակները որոշ հանրությունների մեծ Վերելքի են դրդել:
Եվ այստեղ առանձին անհատների կողմից ահազանգի կոչ հնչեցնելը երկրորդական է՝ այդ կոչը հնչեցված է... Հայրենի Հողի, Նախնիների, Հայրենիքի Ոգու կողմից:
Եվ լսողները լսել են:
Մնում է, որ նրանց թիվը անհրաժեշտից պակաս չլինի:

Եվ շատ մոտ ապագայում կտրվի «Անկու՞մ, թե՞ Վերելք» հարցի պատասխանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել