
Ամեն մի հայի սպանելու համար Ռուսաստանը Ադրբեջանին տվել է 500 դոլարի զենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով շաբաթներ առաջ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված մեկ միլիարդ արժողությամբ զենքի մասին. «Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պատերազմով սպառնացող Ադրբեջանին տալիս է լրացուցիչ մեկ միլիարդ դոլարի զենք, այնպիսի զինատեսակ, որ Ռուսաստանը դեռ ինքը չի կիրառում: Ես հաշվել եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սպանելու համար այդ պետությանը տվել է հինգ հարյուր դոլարի զենք»,- ասաց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ չի առաջարկում ընկնել հակառուսական հիստերիայի մեջ, փոխարենը պետք է ընկնել հակառուսական իմպերիալիզմի հիստերիայի մեջ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր Ռուսաստանի հետ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները, բոլոր հնարավոր պայմանագրերը. «Դա չարեց ոչ իշխանությունը, և ոչ էլ առաջարկեց ընդդիմությունը, քանի որ այս պահին աթոռակռիվ չկա: Ո՞վ է լսել, որ գազ արտահանող հարևան պետության փոխարեն պետք է հեռավոր հյուսիսից գազ ներկրել իրենց համար ձեռնտու գնով»: