Մեր զրուցակիցն է հրապարակախոս, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը

Freedom House-ի տարեկան զեկույցում Հայաստանը կիսաավտորիտար երկրների շարքն է դասվում:  Երբ Հայաստանում բոլոր կուսակցությունները սպառված են, քաղաքական դաշտի սնանկություն է, ինչպե՞ս պետք է լրացվի այս բացը:

Կարծեմ` վաղուց ենք այդ անպատվաբեր վարկանշային շարքում։ Նոր եմ վերադարձել  երկարատև գործուղումից՝ Ավստրալիայում  էի: Ամեն անգամ կայացած երկրներից մշակութային ու քաղաքակրթական շոկով եմ վերադառնում։ Բնականաբար հետևում էի  Հայաստանում ծավալվող իրադարձություններին… Ամեն երեկո լրահոսը բացում էի տագնապով, թե ինչ հերթական գարշելի լուրի ու անզուսպ ցինիզմի հետ եմ բախվելու։ Մի՞թե իմ երկրի անկումները և հատկապես բարոյական անկումները վերջ չունեն: Անելանելիության ծանր ու ճնշող զգացումն այլևս վավերական է դարձել, աննահանջ:

Հայաստանից արցունքի, արյան և հուսահատության հոտ է գալիս: Մեր յուրաքանչյուր օրը ծանր է, տառապանքով, դավադրություններով, պարտության իներցիայով:

Ինչո՞ւ 40, 60 միլիոնանոց երկրներում մարդը կարող է արժեք լինել, մեր՝ լավագույն դեպքում 2,5 -3 միլիոնանոց երկրում, մարդն այդքան ոչինչ է, վիրավորված արժանապատվությամբ: Իսկապես, շատ ծանր եմ տանում մեր իրականությունը: Մեր անհեռանկարայնության ու հոգեպարտության մեջ վերջին ընտրությունների և հատկապես ընդդիմադիր դաշտի դերը մեծ է։ Հասարակության մի ճնշող մաս գրեթե համոզված էր, որ քաղաքական այն ուժերն, ովքեր Հայաստանի հեռանկարի տագնապ ունեն ու իրականությունը փոփոխելու հանձնառություն են ստանձնում, կմիավորվեն: Բայց միասնական ընդդիմության սպասումն անպտուղ մնաց. մեր ներկան, կարծեմ  հինգ, եթե ոչ ավելի երկար տարիների ցիկլի մեջ է մտել։ Հայաստանը լքելու ալիքը նաև դրանով սնվեց, և մեր տնտեսական, քաղաքական և, ամենակարևորը, բարոյական ճգնաժամի մեջ այս ամենը դերակատարություն ունեցավ: Քաղաքացիական անհնազանդության փոքրիկ օազիսները չեն կարողանում խոշոր հաշվով իրականություն փոխել, ոչ էլ քաղաքական այլ ինստիտուտները՝ կուսակցություններ, շարժումներ, քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք փսորած պայքարի մեջ են իշխանական աննահանջ պատի դեմ։ Իսկ իշխանության քաղաքական օրակարգում բարեփոխումը սոսկ վերբալ արժեք է, գործնականում երկրի արժեքները կապ չունեն հայտարարված նշաձողերի հետ։

Չկա քաղաքական օրակարգ, բայց կան քաղաքացիներ, որոնք հենց քաղաքական օրակարգ են ձևավորում, պայքարում:

Պայքարն այն է, երբ ժողովուրդը վճռական ոչ է ասում, ոտքի է կանգնում, խորապես չի հանդուրժում: Մենք ընտրել ենք ոչ ասելու արտագաղթի ճանապարհը։ Հիշեցի Ստենլի Կրամերի ֆիլմը, երբ բիզոններին սպառնացող ոչնչացումից փրկելու համար մի խումբ ռոմանտիկներ գալիս, բացում են արգելանոցի դռները, գոռում-գոչում են, որ բիզոնները փախչեն, բայց բիզոնները շարունակում են ցեխի մեջ, դավին անտեղյակ, անվրդով  որոճալ իրենց բաժին խոտը։ Այն զգացողությունն ունեմ, որ վերջին ընտրությանը կորցրինք ընդվզելու վերջին հնարավորությունը. իսկապես ժողովուրդը գերադասեց կանխատեսելի իշխանությունն՝ իր ողջ մերկությամբ (ընտրակաշառքներով և այլն), քան անկանխատեսելի, չկողմնորոշվող և հռետորաբանությունից այն կողմ չանցնող ու միմյանց  փչացնող ընդդիմությունը։

Իսկ ժողովուրդը գիտի, որ այս իրականությունը չապրելու, չգոյի իրականություն է, և դրա դեմ ոչ թե պայքարում է, շատ հաճախ նպաստում է այս իրականության վերարտադրությանը կամ գերադասում հայրենիքը լքելու կերպը:

Նաև անընդունելի եմ համարում, երբ մտածված, կամ ոչ, հասարակությանը ներշնչվում է մեր վայրէջքների անշրջելիության ուղերձը։ Սա վտանգավոր է, մանավանդ երբ հատկապես այս օրերին մեր արտաքին մարտահրավերները բացառիկ տագնապեցնող են։ Իսկապես անկարելի, անընդունելի է համակերպվել այն մտքի հետ, որ այս իրավիճակն անշրջելի է: Դարձյալ պիտի կրկնվեմ` մեր բոլոր արտաքին պարտությունները ներքին վիճակի արձագանքներ են։ Մեր ներքաղաքական իմունիտետն այսպիսի արտաքին պատկեր պիտի ցոլացներ։ Ինչևէ, հուսահատությունն անընդունելի է. պիտի ամենօրյա աշխատանք տանել, մեր հանձնառության աղբյուրը Հայաստանն է, նրա ապագան։ Հայ մարդուց հայ քաղաքացի պիտի ստանալ. իրավատեր, պահանջատեր…

Սկանդալային բացահայտումներ օֆշորային գոտու, Վերահսկիչ պալատի, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում, գուցե վարչապետի հրաժարականի՞:

Շրջանառվող վերջին թեմաներից մեկը Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն էր. խորհրդարանական իմ հինգ տարիների ընթացքում նման հաշվետվություններ միշտ էլ եղել են. պատկերը չի փոխվել՝  բյուջեն մսխում են, լափում, գողանում ու շարունակում անպատժելի մնալ։ Բա երևանակենտորն ու երևանամերձ միլիոն դոլարանոց դղյակները ի՞նչ փողերով են կառուցում, որոշների պերճանքն ու շքեղությունն ի՞նչ ծագում ունի։ Ո՞վ չգիտի…. Զարմացողները զարմացնում են։ Եվ եթե այս անգամ հանրային կարծիքի ալիք է ձևավորվում, նշանակում է այսպիսի կարծիք ձևավորելու պատվեր կա: Գռփելը, լափելը կամ փոշիացնելը նորություններ չեն մեզանում։ Չեմ բացառում, որ սա ներիշխանական ուժերի վերադասավորման   գործընթացի կամ ցիկլի մասին է խոսում։ Բայց ես կուզեի խնդրին ոչ թե դետալներով նայել, այլ համակարգային: Սա 22 տարվա պետության ժառանգության արդյունքն է, ախտորոշման մեջ բոլորը հիմնականում ճիշտ են, բայց ինչ-որ բան փոխելու քաղաքական կամք և քաղաքական ինտելեկտ չկա։ Երկիրը չգոյի իներցիայի մեջ է, քաղցկեղի մետաստազներն անշրջելիորեն կերել են մեր պետության բարոյական ու արժեքային հենքը: Ըստ էության, մեզ 22 տարում չհաջողվեց արժանապատիվ երկիր կառուցել: Թե իշխանության, թե ընդդիմության մեջ այս գիտակցումը կա, բայց ինչ անելու մասինը և ինչպեսի ձեռագիրը չկա: Մեր ձախողումները ժառանգական են, փաթեթային, բազմավեկտոր ձախողումների բույլ են, և դրա մեջ մտնում է մեր աշխարհաքաղաքական չլուծված խնդիրներից մինչև Հայաստանի ներքին քաղաքական իմունիտետի, ինստիտուտների ջախջախումը: Ինձ համար չկայացած երկրի ցուցանիշը Հայաստանից հեռացողների խիստ վտանգավոր թիվն է: Գնում են բոլոր հնարավոր ճանապարհներով՝ մեքենաներով, ավտոբուսներով, օդային ճանապահով, նույնիսկ հողաթափով են նստում ավտոբուս՝ հասնում Մոսկվա։ Սա պարտության գույնն է:

Չկա մեկը, որ սա չգիտակցի։ Ցավոք սրտի քաղաքական սնանկության մեջ հայտնվեցին շատ գաղափարներ, բայց նաև ինստիտուտներ արժեզրկվեցին՝ խորհրդարան, արդարադատության համակարգ, ընտանիք, եկեղեցի. մենք արժեքների բուրգի փոշիացման հետ գործ ունենք՝ ընտանիքից մինչև դպրոց: Մեզ արժեքների ռեինկարնացիա է անհրաժեշտ, և մարդիկ, անհատներ, որ այդ արժեքների ոչ թե վերբալ կրողներ են, այլ իսկապես այդ արժեքներին հավատում են, նվիրյալ են, կարող են Հայաստանում սերդափոխություն իրականացնել, քաղաքակրթական հեղափոխություն։

Գուցե կանա՞յք պետք է վերցնեն իրենց ձեռքը երկրի կառավարումը:

Խորապես կարևորում եմ կանանց դերակատարությունը քաղաքականության մեջ: Հայաստանում բոլոր ձախողումների անկյունաքարում քաղաքակրթական բախում եմ տեսնում: Մի կողմից, մենք իբրև թե ամրագրված ժողովրդավար երկիր ենք, բայց Հայաստանը շարունակում է ապրել արևելյան տիպի կլանային երկրի չգրված օրենքներով և, ցավոք, ի վնաս մեր պետության հեռանկարի: Քաղաքակրթական այդ պայքարում մասկուլին մտածողության, բիրտության, անմրցունակ ասիական տիպն է: Ու թեև մենք պատմականորեն եվրոպական քաղաքակրթության մեջ ներդրում ունեցող ազգ ենք, բայց այսօր մեր քաղաքակրթական հայացքը դեպի արևելյան աղբն է՝ կաշառակերություն, քծնանք, դավադրություն, զոռբայություն:

Կարևորում եմ անհատի դերակատարությունը, որպես առաջնորդի, արժեքներ ներմուծողի, բայց նույնքան էլ կարևոր է հասարակության հետ աշխատանքը: Մենք այլ ընտրություն, քան ժողովրդավարությունն է, չունենք:

Ի դեպ, քաղաքականության մեջ կանանց դերակատարության մասին. այնուամենայնիվ, կանայք ավելի անկեղծ են, գուցե շատ ավելի պակաս հաշվենկատ, աննահանջ և նվիրված: Ի վերջո, 22 տարիների մեր քաղաքական ձախողումների դիրիոժորական վահանակը տղամարդկանց ձեռքին է եղել և, ավաղ, տղամարդիկ ձախողեցին երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել