«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

- Պարոն Ենոքյան, այս պահին այնպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շուրջ, որ կարծես եկել է ընտրության պահը՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

- Կարծում եմ, որ դա երկու գործոնով է պայմանավորված: Առաջինը, որ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման ժամկետ է գալիս՝ նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, և ուզես, թե չուզես` ավելի ինտենսիվ են դառնում գործընթացները: Մյուս կողմից՝ թե դրա հետ կապված, թե դրանից անկախ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ագրեսիվ է դառնում: Գիտեք՝ ՌԴ-ում տնտեսական աճն է դանդաղել, կան բազմաթիվ խնդիրներ մարդու իրավունքների հետ կապված, ներքաղաքական խնդիրներ ունի: Եվ նա փորձում է արտաքին քաղաքական շոուով փակել մնացած հարցերը:

- Բայց Եվրասիական միությանն անդամակցելու համար ՀՀ-ի վրա գործադրած ճնշումները ոքանո՞վ կարող է ծածկել ՌԴ-ի տնտեսական ու ներքաղաքական խնդիրները, որ Վ. Պուտինը նման շոու է սարքում:

- Ամեն դեպքում, կփորձի: Իրականում ՀՀ-ն այդտեղ ունի շատ փոքր նշանակություն: Եվրասիական միությունը տվյալ պահին Ուկրաինայի վրա է կենտրոնացած, որովհետև եթե այդ ամենը չի ստացվում Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինայի հետ չի ստացվի, մնացածը միֆ է: Իսկ թե որքանով դա կփակի ներքին խնդիրները՝ երևի թե կփակի: Օրինակ` մի քանի տարի առաջ ամերիկյան քաղաքականությունը Վրաստանում. Ջորջ Բուշն իր արտաքին քաղաքական ձախողումները փորձեց փակել Վրաստանի հետ կապված շոուով, որ տեսեք, ես այստեղ լուրջ հաջողություններ ունեմ: Մի քիչ PR-ի հարց է, որ կարողանաս մատուցել, թե, այո, մենք ամեն ինչ արել ենք, բայց... կամ՝ այո, մենք ամեն ինչ արել ենք, որովհետև... Վ. Պուտինին թվում է, որ ինքը կկարողանա: Դժվար է ասել:

- Իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ Ուկրաինայի հարցում չի ստացվի:

- Հայաստանի դեպքում էլ չի ստացվի: Այստեղ խնդիրը Եվրասիական միություն մտնել-չմտնելը չէ: Պարզապես խորհրդանիշների պայքար է գնում: Նույնիսկ ուկրաինական օլիգարխներն են հասկանում, որ ավելի լավ է լինել անկախ, քան թե ՌԴ-ի ազդեցության տակ, որովհետև այս դեպքում իրենք ավելի շահեկան վիճակում են գտնվում: Այսինքն` որևէ ֆակտոր չկա, որևէ ուժ չկա, որ կարողանա Ուկրաինային ստիպել մտնել ռուսական ազդեցության դաշտ: Եվ ի վերջո, ՌԴ-ն անհեռանկար երկիր է, իսկ Եվրոպան Ուկրաինայի համար շատ ավելի մեծ հեռանկարներ է խոստանում: Եվ Ուկրաինան, ի վերջո, հնարավորություն ունի դառնալու Արևելյան Եվրոպա:

- Իսկ ձեզ ինչո՞ւ է թվում, որ Հայաստանը ՌԴ համար շատ ավելի քիչ նշանակություն ունի: Չէ՞ որ ընդունված կարծիք կա, որ եթե ՌԴ-ն Հայաստանին կորցրեց, կկորցնի իր ազդեցությունը ողջ տարածաշրջանում:

- ՌԴ-ն ՀՀ-ին չի կորցնում: Այն ներկայությունը, որը ՌԴ-ն ունի Հայաստանում, ամբողջությամբ բավարար է տարածաշրջանում ազդեցություն պահպանելու համար: Պարզապես ՌԴ-ն ուզում է ավելի մեծ ներկայություն, և որ իր տարբեր ծրագրերում Հայաստանը այլ երկրների հետ միասին լինի: Այս պարագայում ՀՀ-ն փորձում է պայքարել, առաջ մղել իր անկախ լինելու տրամաբանությունը: Իսկ այս դեպքում անկախ լինելը, քանի որ հակադրվում է ռուսականությանը, նշանակում է Ասոցացման համաձայնագիր, նշանակում է Արևելյան գործընկերություն, եվրոպական ուղղվածություն: 

- Ինչո՞ւ եք կարծում, որ ՌԴ-ն Եվրասիական միության հարցում Հայաստանի դեպքում էլ չի հաջողի: Կամ ՀՀ-ն կստորագրի՞ Ասոցացման համաձայնագիրը:

- Ես կարծում եմ, որ Հայաստանի հարցում չի ստացվի, քանի որ ՀՀ-ն մինչև հիմա բավականին հաջող մանևրում է, ձգձգում է այդ ժամանակը: Իսկ Ասոցացման համաձայնագիրը, իհարկե, կստորագրի, որովհետև այն պարզապես հաստատում է, որ ՀՀ-ն անկախ քաղաքականություն է վարում: Մյուս կողմից էլ ստորագրելը ՀՀ իշխանությունների համար, ոչ դեմոկրատական ինստիտուտների համար որևէ խնդիր չի ստեղծում` այն առումով, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այդ պայմանագրի պարտավորությունները չեն իրականացնելու:

- Իսկ կարելի՞ է ասել, որ Եվրասիական միությունը գրեթե հեռանկար չունի:

- Եվրասիական միությունն ի սկզբանե մեռելածին ծրագիր էր: ՌԴ-ն չունի այդ ծրագիրն իրականացնելու համար ոչ մի ռեսուրս՝ ոչ գաղափարախոսական ռեսուրս կա, ոչ ֆինանսական ռեսուրսներ կան: Անգամ դիվանագիտական ռեսուրս չունի դրա վրա աշխատելու համար: Մյուս կողմից, իհարկե, դրա հետ կապված օգուտները ոչ մեկի համար հասկանալի չեն, նույնիսկ ՌԴ համար հասկանալի չեն: Վ. Պուտինն այդ ծրագիրն առաջ է մղել որպես շոու` ներքին քաղաքականության մեջ իր հսկայական ձախողումները դրա տակ թաքցնելու համար:

- Արդյո՞ք Ս. Սարգսյանը Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հետ կապված Եվրամիության առաջ պայման դրեց, երբ Վարշավայում հայտարարեց, թե «անընդունելիության լիարժեք ու հստակ գնահատական» է ակնկալում հայ-թուրքական սահմանի փակ լինելու և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով մինչև այժմ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհնարինության համար: Կամ միգուցե հող էր նախապատրաստում Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար:

- Ես չեմ կարծում, թե պայման դրեց, ավելի շատ հակված եմ այն մտքին, որ, փաստորեն, Ս. Սարգսյանն այնտեղ օրակարգ հաստատեց: Ցույց տվեց այն կոնկրետ օգուտները, որ Հայաստանն ակնկալում է այդ միությունից կամ Ասոցացման համաձայնագրից: Ասել, թե դա ուլտիմատում է, թե մինչև այս հարցերը չլուծվեն, ես չեմ ստորագրի, ինձ թվում է ճիշտ չի լինի: Ավելի շուտ ակնկալիք էր, թե՝ լավ, ես ստորագրում եմ, պարտավորություններ եմ վերցնում դեմոկրատացման և այլ հարցերով, դուք էլ դրա դիմաց ինչ-որ բան տվեք:

- Իսկ որքա՞ն են ռեալ այդ ակնկալիքները:

- Հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտները, կարծում եմ, ավելի շատ էմոցիոնալ բնույթի են: Այսինքն, իսկապես, դա ռեալ է: Նույնիսկ պետք չէ այդ պայմանը Եվրոպայի առաջ դնել: Իսկ այսօր սահմանի բացման երևի թե կարևորագույն խոչընդոտը Ռուսաստանն է:

- Ինչո՞ւ Ռուսաստանը:

- Որովհետև եթե հայ-թուրքական սահմանը բացվում է, եթե ԼՂ խնդիրը լուծվում է, այդ դեպքում Կովկասի ժողովուրդները հստակ հասկանում են, որ Կովկասյան լեռները ոչ թե միացնում են իրենց ՌԴ հետ, այլ անջատում են ՌԴ-ից: Եվ արդեն դեպի հյուսիս նայելու կարիք չի լինում: Կարելի է նայել դեպի արևմուտք՝ առաջին հերթին, դեպի հարավ: Այնպես որ, հայ-թուրքական սահմանի բացումը և ԼՂ հարցի լուծումը էապես փոխում են տարածաշրջանի աշխարհագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել