Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մեր ազգը լի է իսկական հայրենասերներով նրանք ամենուր են, բայց, ցավոք սրտի, իրենց կամայական հատկանիշներով նրանք, որպես կանոն, շատ համեստ են, և այդ է պատճառը, որ նրանք համեմատական կարգով ավելի քիչ են աչքի ընկնում, քան որոշ կարիերիստներ: Որպես օրենք՝ նրանք ավելի քիչ են խոսում ազգասիրության մասին, որպես օրենք՝ նրանք ավելի շատ են շփվում երկրի անապահովների հետ, որպես օրենք՝ նրանք ամպագոռգոռ արտահայտություններ քիչ են անում, որպես օրենք՝ նրանք աշխատում են հնարավորինս զերծ մնալ ակտիվ քննարկումներից, որպես օրենք՝ նրանք ավելի շատ լսում են, քան թե արտահայտվում, որպես օրենք՝ նրանց շարժիչ ուժը պետական մտածողությունն է, որպես օրենք՝ նրանց համար ամենակարևորը այս կյանքում ծառայելն է սեփական ազգին, որպես օրենք՝ նրանք առաջին հայացքից աչքի չեն ընկնում ազգասիրությամբ: Բայց որպես օրենք՝ հենց այս մարդիկ են հայտնվում առաջին շարքերում, երբ ազգին իրական վտանգ է սպառնում: Սա ազգասիրության դասական նկարագիրն է, բայց, ցավոք սրտի, Հայաստանում քիչ չեն նաև այլ տիպի ազգասերներ: Որպես օրենք՝ նրանք միշտ աչքի են ընկնում չափից դուրս ցինիզմով, որպես օրենք՝ նրանք խուսափում են սեփական ազգի անապահովների հետ շփվելուց, դրա փոխարեն նրանք, որպես օրենք, երազում են այլ ազգի հարուստների հետ շփվելու մասին, որպես օրենք՝ նրանք աչքի են ընկնում ամպագոռգոռ արտահայտություններ անելով, որպես օրենք՝ նրանք միշտ ուշադրության կենտրոնում են, որպես օրենք՝ նրանք հիանում են շքեղություններով, որպես օրենք՝ նրանք անընդհատ խոսում են հայոց լեռների և ջրերի մասին` մոռանալով, որ ազգի ամենամեծ արժանիքը հայն է: Բայց որպես օրենք՝ այս մարդիկ միշտ անհետանում են հորիզոնից, երբ ազգին իրական վտանգ է սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել