Երեկ հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ սա այն հաշվետվությունն է, որը բուռն կրքեր առաջացրեց խորհրդարան-կառավարություն տիրույթում, որի առիթով Հովիկ Աբրահամյանն ուղղակիորեն վարչապետին դիտողություններ հասցեագրեց, իսկ վարչապետն էլ մերկացրեց Աբրահամյաններին դիզվառելիքի գործով: Եվ ահա, երեկ վերջապես հայտնի է դարձել, որ բուռն կրքեր առաջացրած այս փաստաթուղթը ստացել է գլխավոր դատախազությունը:

Ի դեպ, ինչն է ուշագրավ, որ այս մասին տեղեկությունը տարածվում է Հովիկ Աբրահամյանի Ստրասբուրգ կատարած այցից հետո: Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդում երևի թե փորձել է իր համար աջակցություն ապահովել Հայաստանի ներքաղաքական անցուդարձում, ինչին ի պատասխան միգուցե նրան ասել են, որ աջակցություն ակնկալելու համար պետք են գործեր: Եվ ահա, Ստրասբուրգ կատարած այցից հետո է միայն հայտնի դառնում, որ ՎՊ հաշվետվությունը Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ հասել է գլխավոր դատախազություն:

Ժամանակը ցույց կտա, թե այս ժեստը Հովիկ Աբրահամյանին ինչքանով կօգնի Եվրոպայից աջակցություն ստանալու հարցում: Խնդիրն այն է, որ ամեն ինչ կարող է և լինել լիովին հակառակը: Այսինքն` Եվրոպայում Հովիկ Աբրահամյանին պարզապես պարտադրել են ՎՊ հաշվետվությունն ուղարկել դատախազություն ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Մինչդեռ զարմանալ պետք չէ, եթե ԱԺ նախագահը այնքան էլ շահագրգռված չլիներ այդ բացահայտումների դատախազությունում հայտնվելու փաստով, որովհետև այդ դեպքում արդեն իրադարձությունների թելն անցնում է Աղվան Հովսեփյանի ձեռքը: Իսկ Աղվան Հովսեփյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները ամենևին այնպիսին չեն, որ Աբրահամյանը կարողանա վստահություն տածել նրա նկատմամբ և չտագնապել, որ դատախազությունը կարող է և այնպիսի մասերի ընթացք տալ, որոնք անցանկալի են առաջին հերթին ԱԺ նախագահի համար:

Եվ ի վերջո, Հովիկ Աբրահամյանն այս դեպքում ստիպված է լինելու լեզու գտնել Աղվան Հովսեփյանի հետ, կամ իշխանական այդ սեգմենտին ավելի հարազատ լեզվով ասած՝ «վիզ ծռել» նրա առաջ, որ հանկարծ անակնկալներ չլինեն: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ նախագահը ոչ թե ուժեղանում է, այլ լիովին հակառակը՝ թուլանում է այս պրոցեսում: Իհարկե, պարզ չէ, թե ով է ուժեղանում այստեղ, որովհետև նույնիսկ Աղվան Հովսեփյանի դեպքում սխալ կլինի ասել, որ նա ուժեղանում է: Ի վերջո, նրա ձեռքի տակ է հայտնվում շատ կարևոր մի գործ, որը սակայն կարող է դառնալ նաև Աղվան Հովսեփյանի վարկաբեկման պատճառ, քանի որ սովորաբար գլխավոր դատախազը չի սիրում գլուխը դուրս ցցել բուռն ներքաղաքական իրադարձությունների ժամանակ, իսկ այժմ փաստորեն նրան ստիպում են ցցվել` փոխանցելով նման ծավալի չարաշահումների գործը: Աղվան Հովսեփյանը կարող է, իհարկե, այս անգամ էլ լռել, սակայն ակնհայտ է, որ այս դեպքում արդեն նրա լռությունն էլ լինելու է ոչ պակաս ցցուն:

Այդպիսով, տեղի է ունենում մի բան, երբ ԱԺ նախագահին փաստորեն զրկում են գործընթացում առաջնային դերից, միևնույն ժամանակ գլխավոր դատախազին ստիպում են «դուրս գալ բնից», և հավանական է, որ նա այլևս չի վերադառնա, և «բնում» կտեղավորվի լիովին նոր մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել