«Օրերս մեկնարկելու է հանցագործ խմբի կողմից մարզպետներից ու գյուղապետներից խաբեությամբ գումար շորթելու գործով դատավարությունը։ Խարդախության կազմակերպիչները բանտում իրենց կալանքը կրող դատապարտյալներ են, որոնք զանգահարել են գյուղապետների, մարզպետների և, ներկայանալով նրանց վերադասի անունից, տարբեր չափի գումարներ պահանջել՝ իբր 1-2 օրից վերադարձնելու նպատակով։ Դրական պատասխան ստանալուց հետո տաքսու վարորդին ուղարկել են գումարի հետևից և ստացել։ Ուշագրավն այն է, որ խարդախության զոհերը՝ Լոռու, Արարատի, Շիրակի, Արմավիրի և մի քանի այլ մարզերի մարզպետները, որոշ փոխմարզպետներ, ինչպես նաև մի շարք գյուղապետներ, անգամ չեն կասկածել, որ իրենց «քցում են»։

Խումբն իր պլանն իրականացրել էր մեկ ամսվա ընթացքում և այդ ժամանակահատվածում հսկայական գումարներ շորթել։ Մեր տեղեկություններով, միայն երկու գյուղապետից նրանց հաջողվել էր 900 հազար դրամ ստանալ։ Մարզպետներին էլ զանգահարել և ներկայացել են փոխվարչապետ Արմեն Գևորգյանի անունից և նույն եղանակով հսկայական գումարներ ստացել։ Որոշ դեպքերում այդ գումարը հասել է մի քանի միլիոն դրամի։ Խմբի պլանը բացահայտվելուց հետո մոտ 1 տարի քննություն էր իրականացվում։ Ուշագրավ է, որ խաբված չինովնիկները նախաքննության ընթացքում փորձել են նվազեցնել իրենց տված գումարների չափը, որոշները նույնիսկ հրաժարվել են, թե գումար են տվել՝ դրանով թերևս փորձելով ազատվել լրացուցիչ գլխացավանքից։

Մեր տեղեկություններով, հիմա ցանկանում են արագացված դատավարություն իրականացնել, որպեսզի տուժող ճանաչված գյուղապետներն ու հատկապես մարզպետները դատարան չգան և ստիպված չլինեն որոշ տհաճ հարցերի պատասխանել։ Իսկ արագացված դատավարության դիմաց հիմնական մեղադրյալին՝ Համլետ Ղազարյանին, խոստացել են կրճատել պատիժը։ Նա արդեն մի քանի անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։

Իրեն հիմարեցնելու փաստն առավել ծանր է տարել Շիրակի նախկին մարզպետ, ոստիկանության գեներալ Աշոտ Գիզիրյանը, ով նախկինում զբաղեցրել է ոստիկանության 6-րդ վարչության պետի պաշտոնը։ Ոստիկանությում երկարատև աշխատանքի փորձը նրան չի օգնել խուսափել խաբեությունից, երևի տասնամյակը չավարտած ինչ-որ մարդկանց հաջողվել է հիմարեցնել իրեն։

Մենք փորձեցինք նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից որոշ մանրամասներ պարզել։ Սակայն նա ևս իր գործընկերոջ օրինակով «սուխոյ ատկազ» կանգնեց։ «Ինձ հետ նրանք որևէ առնչություն չեն ունեցել։ 

Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել։ Երևի շփոթում եք։ Ես բանից անտեղյակ եմ։ Ես դրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել»,–ասաց մարզպետը։ Թերևս դատավարությունն ամեն հարց իր տեղը կդնի, եթե, իհարկե, արագացված կարգով չանցկացվի, և ճնշումներ չգործադրվեն դատավորի վրա»–գրում է թերթը։

Հոդվածը ամբողջությամբ այն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել