
Ամուսնալուծված կանանց ամենամեծ վախերից մեկը միայնակ մոր կարգավիճակն է: Բայց նրանք հաճախ չեն մտածում, որ բնության մեջ ցավոք կամ բարեբախտաբար ուժեղ սեռը բնավ էլ մեր սիրելի տղամարդիկ չեն: Ուժեղ սեռը մենք ենք՝ կանայքս: Եվ եթե պետք է ունենալ ամուսին, ով խլեզից կտարբերվի միայն խոսելու, սակայն ոչ մի արժեքավոր բան չասելու ունակությամբ, ապա միանշանակ պետք է ընտրել միայնակ, սակայն արժանավայել կյանքը: Ո՞ր մի կինը չի ցանկանում կողքին ունենալ ուժեղ և վստահելի տղամարդ, սակայն ժամանակակից աշխարհում հաճախ հանդիպում են այնպիսի տղամարդիկ, ովքեր մի քանի կոպեկ վաստակելը կամ համապատասխան օրգանի առկայությունն արդեն որակում են որպես տղամարդկություն: Եվ երբ կողքիդ նման տղամարդ է, ապա գոնե երեխայիդ ապագայի մասին մտահոգվելով պետք է հեռանալ և ինքնուրույն ոտքի կանգնել: Փառք Աստծո մեր հասարակությունն արդեն վարժվում է այն մտքին, որ կինը կարող է ինքնուրույն լինել, աշխատել մի քանի տեղ, փող վաստակել և միայնակ մայր լինելով հանդերձ հիանալի ու արժանի զավակ դաստիարակել հասարակության համար:
Պետք չէ վախենալ դրանից, սիրելի ապագա և ներկա միայնակ մայրեր: Հավատացեք ձեր ուժերին, եղեք պայքարող, սովորեք հաղթել, ինքնակրթվեք, զարգացեք, մտածեք ձեր և ձեր բալիկների ապագայի մասին և մի վհատվեք, ինչ էլ որ լինի: Եվ երբ ինքներդ լինեք ուժեղ, ձեր կողքին էլ կհայտնվի ուժեղ տղամարդ: Կյանքը պայքար է, մենք՝ հաղթող: