
PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մախաչկալայի«Անժի» ակումբից ձեռնտու առաջարկ է ստացել: Ինչպես հայտնում է «Известия»-ն, հունիսյան ընտրական խաղերից մի քանի օր անց Մախաչկալայի ակումբի ներկայացուցիչներն Երևանում հանդիպել են Մխիթարյանին ու առաջարկել Գուս Հիդինքի թիմ տեղափոխվել:Ի դեպ, «Անժի»-ն նախօրոք բանավոր պայմանավորվել է «Շախտյորի» հետ ու ֆուտբոլիստի համաձայնության դեպքում ակումբը տրանսֆերի համար մոտ 35 մլն եվրո գումար կստանա:
Բայց Մխիթարյանը ակումբի ներկայացուցիչներին կոնկրետ պատասխան չի տվել: Մեկ անգամ չէ, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: «Շախտյորի» տեսակետն այս ամենի վերաբերյալ մեկնաբանել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը.
«Հենրիխը մեր ակումբի համար կարևոր խաղացող է: «Շախտյորն» ուզում է պահպանել նրան, բայց մենք պատրաստ ենք լսել ու դիտարկել Մխիթարյանի տրանսֆերին վերաբերող բոլոր առաջարկները»,- նշել է Պալկինը:
ԽՍՀՄ հավաքականի ու Կիևի «Դինամոյի» հայտնի կիսապաշտպան Լեոնդի Բուրյակը համոզված է, որ Մխիթարյանը կարող է խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներում.
«Հենրիխը հրաշալի ֆուտբոլիստ է. Համոզված եմ, որ նա ճիշտ որոշում կկայացնի: Այս աշխարհում ինձ արդեն ոչինչ չի զարմացնում, այդ իսկ պատճառով էլ կարող եմ պատկերացնել Մխիթարյանին «Անժի»-ում»,- ասել է նա, հավելելով, որ թեև «Լիվերպուլը» ուժեղ թիմ է, բայց «թոփային» չէ:
«Հաշվի առնելով Հենրիխի անցկացրած հիանալի մրցաշրջանը, չեմ բացառում, որ նա ավելի բարձրաստիճան ակումբ կնախընտրի»,- եզրափակել է մարզիկը: