Երբեմն զանազան լուրերը, քննարկումները եւ նույնիսկ հասարակական շարժումները առաջանում են ոչ միայն քաղաքական կամ տնտեսական շահագրգռվածությունից, այլեւ իրողություններին ոչ բավարար ծանոթ լինելու պատճառով: Պարզ է, օրինակ, որ Ռուբեն Հայրապետյանը՝ որպես օլիգարխ, նախկին պատգամավոր եւ ՀՀԿ անդամ, պետք է պարբերաբար դառնա տարաբնույթ քննադատությունների թիրախ: Սակայն նրա անվան հետ կապել ուկրաինական «Շախտյորի» ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը որեւէ այլ թիմ, նշանակում է պարզապես ծանոթ չլինել պրոֆեսիոնալ ֆուտբոլի կանոններին: Թե ինչ պայմաններով է «Փյունիկը» Հենրիխ Մխիթարյանին վաճառել (փոխանցել) «Մետալուրգին», իսկ վերջինս՝ «Շախտյորին»՝ այդ ամենը, բնականաբար, կոմերցիոն գաղտնիք է: Բայց միանգամայն ակնհայտ է, որ «Փյունիկի» եւ «Մետալուրգի» սեփականատերերը բացարձակապես ոչ մի լծակ չունեն՝ արգելելու իրենց չպատկանող ֆուտբոլիստի տեղափոխումը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների տրանսֆերներով զբաղվում են ակումբների մենեջերները եւ տվյալ ֆուտբոլիստների գործակալները: Իհարկե, երբ պայմանները որոշված են եւ հայտնի են, ինքը՝ ֆուտբոլիստը, կարող է համաձայնել կամ չհամաձայնել: Այդ տրանսֆերի վերաբերյալ բաց նամակ գրել ՀՀ նախագահին կամ Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ պարզապես անտեղյակության դրսեւորում է: Նույնը՝ օֆշորային սկանդալի «պատվիրատուների» փնտրտուքը: Քանի որ մեր պաշտոնյաների կարծիքով՝ այն, ինչ գրվում է իրենց մասին, չի կարող ինքնաբուխ լինել, ամենուր «պատվիրատուներ» են փնտրում: Մասնավորապես, ասվում է, որ այդ սկանդալը հրապարակային է դարձել ԱԺ նախագահի, այսպես ասած, հովանավորությամբ: Այդ տեղեկատվությունը ոչ միայն անհեթեթ է, այլեւ առաջին հերթին՝ վիրավորական «Հետքի» մեր գործընկերների համար: Եվ այստեղ էլ արժե մի փոքր ծանոթանալ իրողություններին: Գործարար Փայլակ Հայրապետյանը վաղուց է բողոքում վարչապետ Տիգրան Սարգսյանից, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից եւ գործարար Աշոտ Սուքիասյանից: Ավելին՝ այդ բողոքները առնվազն մեկ տարի է՝ հրապարակվում էին մեր լրատվամիջոցներում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



