Փատորեն, Սոչիի օդանավակայանից հայերի զտման պատճառը ոչ այնքան հայ լինելու փաստն է, որքան հայ լինելը հանդգնաբար շեշտող ազգանվան հայկական վերջածանցը` -ՅԱՆ-ը: Փաստորեն, մեր «ռազմավարական դաշնակցին» չի գոհացնում վերջին 28 տարվա մեջ Հայաստանից արտագաղթած հազարավոր հայերի ուծացում-ձուլում-ռսացումը: Չի բավարարում նաև, որ երկրիս սրտում` մայրաքաղաքում, տիրոջ իրավունքով «հայրենակիցների» միություն է բացել, հարյուրավոր հայերի ռուսական անձնագրեր է տալիս ու ոչխարի հոտի նման քշում այստեղից դեպի իրենց խառնաձուլարան: Նա կատաղում է մեր հայկականությունը փաստող հայոց վերջածանցից. եթե մարդը «Պետրոսով» լիներ, այլ ոչ թե «Պետրոսյան», ոչ մի խնդիր չէր ունենա:

Դե հիմա մի պահ զարկ տվեք ձեր հզոր երևակայությանը, իմ հայրենակիցներ: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանում այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս մի, ընդամենը մի վրացու հանդեպ: Երևակայեցի՞ք: Համոզվեցի՞ք, որ բանը միայն արտգործնախարարի կոշտ վերջնագրով չէր ավարտվի: Մի անգամ էլ նետվեք երևակայության գիրկը` փորձելով պատկերացնել, թե մեր հարևան Թիֆլիսում ռուսները «հայրենակիցների» միություն են բացում: Երևակայեցի՞ք: Տո որտեղի՞ց երևակայեք անհնարինը, չլինելիքը: Իսկ մենք այստեղ քաղաքակրթություն ենք խաղում, վիրավորվում, որ հարևան երկրի հեռուստահաղորդավարները եթերային հայհոյանք են տեղում Կրեմլի հրեշի ուղղությամբ, ինչ է, թե մեր փափկասուն տիկնանց, դուստրերի և քույրերի նուրբ լսողությունն է քերծվում:

Մենք հանդուրժող ենք, հո չե՞նք թողնի, որ մեր «դարավոր փրկչի» լսողությունն ու տեսողությունը խոցվեն հայկական -ՅԱՆ-ի անտանելիությունից: Պետք լինի, մեր բոլոր վերջածանցները, տո նախածանցներն էլ հետը կռուսացնենք: Տո ամբողջ լեզուն էլ կփոխարինենք ռուսերենով: Եթե սովետի տարիներին ընդամենը մի անգամ փորձեցին ռուսերենն այստեղ պետական լեզու դարձնել և չկարողացան, ի դեպ, վրացիների շնորհիվ, անկախ Հայաստանում տասն անգամ են փորձել ու դեռ էլի են փորձելու հոկտեմբերին` Պուտինի այցին ի պատիվ: Հա, բա պիտի հարգենք մարդուն, իր ոտով վեր է կենալու, Հայաստան գա, չէ՞: Վերջապես փաստ է, չէ՞, որ հյուսիսի արջը մեր «ռազմավարական դաշնակիցն» է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել