Եվրամիության, Մաքսային միության ու Եվրասիական միության դիլեման Հայաստանի հասարակությունը քննարկում է արդեն երկար ժամանակ, իսկ վերջին օրերին այն առավել մեծ ուշադրություն է գրավել մի քանի հանգամանքների պատճառով:

Այդ հանգամանքների մասին վերջին օրերի մամուլում շատ է խոսվել, գրվել, մեկնաբանվել, և այժմ երևի թե հարկ չկա լրացուցիչ մանրամասնությունների, քանի որ դրանց քաջածանոթ է հասարակական-քաղաքական անցուդարձին հետևողների գերակշիռ մեծամասնությունը: Չնայած մեծ ուշադրությանը, խնդիրն այնուամենայնիվ քննարկվում է նվազ բազմակողմանիությամբ և պրոֆեսիոնալիզմի նկատելի բացակայությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ հարցի քաղաքական և քաղաքակրթական ասպեկտը քննարկվում, դիտարկվում և մեկնաբանվում է շատ հանգամանալից, իսկ ահա տնտեսական բաղադրիչը, որը չափազանց կարևոր է, քիչ է արժանանում ուշադրության: Իսկ այստեղ շատ էական է մասնագիտական պատրաստվածությունը, պրոֆեսիոնալիզմը, որպեսզի հանրային կարծիքը ստանա իսկապես կոմպետենտ ինֆորմացիա և հանրային կողմնորոշումը լինի առավելագույնս հիմնավոր:

Առայժմ մենք լսում ենք շատ մակերեսային, կարճաժամկետ տրամաբանությամբ փաստարկներ այն մասին, որ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, որ ապրանքաշրջանառության առաջատարը Ռուսաստանն է, աշխատատեղերի մեծ մասը Ռուսաստանն է ապահովում՝ խոպանի տեսքով, որ Հայաստանի տնտեսական հզորությունների մեծ մասը Ռուսաստանին է պատկանում, հետևաբար անմիտ է Հայաստանը պատկերացնել Մաքսային միությունից դուրս: Իսկ վերջերս էլ շրջանառության մեջ են դրվում տարբեր գաղափարներ այն մասին, որ Մաքսային միությունը Հայաստանին էժան գազ և ուրան կապահովի: Այս ամենը միանգամայն բնորոշ է հայկական իրականությանը, որտեղ հարցերը մակերեսային քննարկումների են արժանանում, որովհետև իրական մտահոգությունները ոչ թե հանրային և պետական շահերի հետ են կապված, այլ առնչվում են մասնավոր, խմբակային կամ կուսակցական շահերին:

Մինչդեռ, օրինակ, Հայաստանում այդպես էլ բավարար ուշադրության չարժանացավ Եվրամիության և ԱՄՆ նախաձեռնությունը՝ համատեղ տնտեսական ազատ առևտրի գոտի ձևավորելու շուրջ բանակցություն սկսելու մասին: Դրա վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտահայտվել էր դեռևս իր երկրորդ պաշտոնամուտին, իսկ օրերս էլ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում կողմերը պայմանավորվեցին սկսել բանակցության ավարտական փուլը: Եվրամիության ու ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունը կազմում է համաշխարհային ապրանքաշրջանառության մոտ 30 տոկոսը: Սա ահռելի ցուցանիշ է, և եթե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը հաջողվեց գալ ընդհանուր հայտարարի, ապա կձևավորվի մի տնտեսական տարածություն, որը դրախտավայր կլինի բոլոր այն երկրների համար, որոնք ունեն մրցունակ տնտեսություն: Հայաստանում, սակայն, այս հեռանկարի քննարկում չկա, նույնիսկ ուշադրության այն չի արժանանում` եզակի բացառություններով հանդերձ: Մինչդեռ թե Եվրամիության, թե Մաքսային ու Եվրասիական միությունների մասին դատողություններում ուղղակի աններելի բացթողում կլինի այս նոր գործընթացին չանդրադառնալը:

Չէ՞ որ եթե Հայաստանին հաջողվի Եվրամիության հետ Ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագիր կնքել, եթե վիզային ռեժիմի դյուրացում, իսկ հետագայում նաև վերացում լինի, Հայաստանի տնտեսության առաջ բացվում է մի ահռելի տնտեսական տարածություն, որի շնորհիվ Հայաստանը կարող է հասնել տնտեսական լուրջ հաջողությունների: Բայց դրա համար, իհարկե, Հայաստանը պետք է փոխվի, պետք է փոխվեն Հայաստանում տնտեսական հարաբերությունները, տնտեսվարման կանոններն ու մշակույթը, պետք է պայքար լինի կոռուպցիայի դեմ: Այլ կերպ ասած` Հայաստանը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի ազատ գործի իր ամենահիմնական պոտենցիալը՝ մարդկային ստեղծագործական և մտավոր ռեսուրսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել