Քաղաքական  մեկնաբան

Հայաստանը ինտեգրացիոն գործընթացների շատ կարևոր փուլում առավել ընդգծված ներկայացնում է իր մոտեցումները` միաժամանակ բարձրաձայնելով այս ճանապարհին իր առաջնայնությունների մասին:

Նախ` ԵԽ-ում նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում շեշտում է, որ «ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ իր հիմնարար արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»:
ՀՀ ԱԳ նախարարը բավականին թափանցիկ ակնարկով նշում է, որ Եվրոպայի կողմից մշտապես կարևորվող արժեքային համակարգի մի մասն է կազմում նաև Արցախը, որը միջազգային ճանաչման հետ կապված խնդիրներ ունի, սակայն դա վերջինիս չի զրկում եվրոպական արժեքային համակարգի մի մասնիկը լինելուց: Իսկ սա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը, ինչպես եվրոպական ցանկացած երկրի ժողովուրդ, պետք է հնարավորություն ստանա իրացնելու իր իրավունքները: Այս հայտարարությունը կարևոր է հատկապես այն տեսանկյունից, որ վերջին տարիներին քննարկվող, սակայն այդպես էլ կյանքի չկոչված՝ ղարաբաղցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը մնում է չիրացված: Ու դա միայն այն պատճառով, որ Ադրբեջանը սպառնում է կրակ բացել քաղաքացիական ինքնաթիռների վրա, իսկ հայկական կողմերը առկա իրավիճակում չեն ցանկանում այնպիսի քայլերի գնալ, որոնք կարող են կտրուկ սրել իրավիճակը տարածաշրջանում: Չնայած սրան` ակնհայտ է, որ իրերի որոշակի դասավորության դեպքում օդանավակայանը գործելու է, և Արցախի ժողովուրդը հնարավորություն է ստանալու իրացնելու սեփական իրավունքները, ինչի մասին, ի դեպ, ակնարկում էր Էդվարդ Նալբանդյանը:
Եվ պատահական չէ, որ Լեհաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը ԱԳ նախարարի ելույթից երկու օր հետո կրկին անդրադառնում է արժեհամակարգային խնդիրներին՝ շեշտելով, որ «Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից»:

Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը շեշտում է, որ Հայաստանի տեսանկյունից, եվրոպական ինտեգրացիան նախևառաջ եվրոպական արժեքային համակարգի լիարժեք մաս կազմելն է, հետո նոր համագործակցությունը տարբեր մակարդակներում:
ՀՀ նախագահը միաժամանակ անդրադառնում է Եվրոպա ձգտող մեր երկու հարևաններին՝ Թուրքիային և Ադրբեջանին, ընդգծելով, որ եվրոպական արժեքային համակարգի տեսանկյունից, էթնիկ հողի վրա մարդասպանին հերոսացնող ու քաղաքացիական օդանավերին ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնող, ինչպես նաև՝ հարևանների սահմանները շրջափակող երկիրները չեն կարող եվրոպական ընտանիքի մաս կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել