Երբ ինձ հարցնում են, թե ինչ կարծիք ունեմ Հայաստանի հասարակական կարծիքի վերաբերյալ, պատասխանում եմ հետևյալ կերպ` «Ի՞նչ կարծիքի մասին կարող է խոսքը գնալ, եթե Հայաստանում «հասարակական կարծիք» հասկացողությունը դեռ ձևավավորված չէ»: Ամբողջ աշխարհում հասարակական կարծիքը միակ զենքն է «անձեռնմխելիներին» պատժելու համար: Իսկ մեզ մոտ նա ուղղակի առկա է, բայց ոչ մի էական ուժ իրենից չի ներկայացնում: Որպեսզի ավելի արտահայտիչ լինի ասածս, ձեզ եմ ներկայացնում մի դեպք, որը տեղի է ունեցել վերջերս Ճապոնիայում:

Եվ այսպես, Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի օրենսդիր մարմնի պատգամավոր Միցուո Կոիձումիին մահացած են գտել ծնողների տնից ոչ հեռու: Ինքնասպանության վարկածը և տեղի ունեցածը կապում են պատգամավորի բլոգում հրապարակված գրառման հետևանքով բարձրացած աղմուկի հետ: Հունիսի սկզբին 56-ամյա Կոինձումին բլոգոլորտի հանրությանը պատմել էր, թե որքան է զայրացել հիվանդանոցներից մեկում իր նկատմամբ ցուցաբերած ընդունելությունից։ Բժշկական ծառայությունների վճարը մուծելու համար նրան կանչել են, նախ կարդալով հերթի համարը, այնուհետև` անունը։ Կոիձումին գրել է, որ նման դիմելաձևը նման է բանտային ռեժիմի։ Նրա զայրույթը գագաթակետին է հասել, երբ հիվանդանոցի աշխատակիցը ոչ թե ինքն է մոտեցել պատգամավորին և շնորհակալություն հայտնել 150 դոլար վճարելու համար, այլ պատգամավորին է հրավիրել դրամարկղի պատուհանի մոտ, որի պատճառով նա դեմարշ անելով առանց վճարելու հեռացել է հիվանդանոցից` դրանովց իսկ ցույց տալով իր առավելությունը:
Բլոգում կատարված գրառումը քննադատությունների տարափ բերեց նրա հասցեին։ Նախորդ շաբաթ նա ստիպված եղավ մամուլի ասուլիս հրավիրել և հրապարակավ ներողություն խնդրել հասարակական գործչին ոչ վայել արարքի համար, ինչպես նաև վստահեցնել, որ բուժման համար վճարել է հաջորդ օրը։ Մահից մի քանի օր առաջ Կոիձումին բողոքել է հարազատներին, թե ախորժակ չունի և անտարբեր է դարձել։

Հ.Գ. Հարգելի ընթերցող, երբ կարդում էի այս դեպքի մասին մամուլում տեղ գտած տարբեր հոդվածները, ինձ մոտ դրանք զարմանք առաջացրին, ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է հասարակական կարծիքի տարափի տակ ինքնասպան լինել: Այո, ես զարմանում եմ, քանզի իմ երկրում հասարակական կարծիքը, ցավոք սրտի, իրենից ոչինչ չի ներկայացնում, քանզի, ըստ որոշ ցինիկների, հասարակական կարծիքը ուղղակի «մի խումբ մարդկանց հաչոց է», քանզի իմ երկրում դեռ չեն հասկանում, որ հասարակական կարծիքը այն հզոր զենքն է, որն ի վիճակի է պայքարել բոլոր արատավոր երևույթների դեմ, քանզի իմ երկրում դեռ չեն սովորել հարգել հասարակական կարծիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել