ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ:
Կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները:
ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու փորձերը: Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի և Խոջալուի դեպքերի մասին: Ընդգծելով, որ ԼՂՀ հիմնահարցը չունի կրոնական որևէ դրդապատճառ և դրսևորում, նախարարը ափսոսանք է հայտնել, որ Իսլամական կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանը խեղաթյուրում է հիմնահարցի էությունը՝ փորձելով կրոնական երանգներ հաղորդել ԼՂՀ հիմնահարցին:
Ա. Աշոտյանը ընդգծել է, որ դարեր ի վեր Հայաստանը շրջապատված է եղել իսլամական երկրներով և Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր մեր հայրենակիցներ իրենց երկրորդ հայրենիքն են գտել արաբական երկրներում, այդ թվում նաև Հորդանանում: Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման վրա՝ նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միևնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու և ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ