
Հունիսի 17-21-ը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Ֆրանսիայի հանրապետության Մարսել քաղաքում էր: Այստեղ մարզի պատվիրակությունը մասնակից է դարձել մի շարք կարևոր հանդիպումների, միջոցառումների: Մարզի ղեկավարն, ընդհանուր առմամբ, այցը գնահատել է արդյունավետ: Հունիսի 24-ին կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց այցի մանրամասները: Ինչպես հայտնի է, Լոռու մարզի և ՊԱԿԱ ռեգիոնի միջև բարեկամական կապեր են ստեղծվել շուրջ 16 տարի առաջ:
Այս ընթացքում մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել: 2008 թվականին Լոռու մարզի և ՊԱԿԱ ռեգիոնի ղեկավարների միջև Մարսելում կնքված երկկողմ շրջանակային պայմանագրի շրջանակներում 2012թ. դեկտեմբերի 10-ին ստորագրվել է ՀՀ Լոռու մարզի և ՊԱԿԱ ռեգիոնի միջև «2012-2014 համագործակցության համաձայնագիր», որը նախատեսում է ՀՀ Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացում Ֆրանկոֆոնիայի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության և անասնաբուծության բնագավառներում: Այցի ընթացքում Ա. Նալբանդյանը հանդիպել է ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանի հետ, ով համակագում է արտաքին կապերը
: Հանդիպման ընթացքում հստակեցվել են անելիքները նշված համաձայնագրի շրջանակներում: Լ. Ասլանյանը տեղեկացրեց, որ այս տարեսկզբին ՊԱԿԱ ռեգիոնալ խորհուրդը որոշում է կայացրել բոլոր արտասահմանյան երկրների, այդ թվում և Հայաստանի, հետ նախատեսվող ծրագրերն իրականացնել համաֆինանսավորման սկզբունքով՝ 50/50 հարաբերությամբ:
Մարզի ղեկավարը նախապես ձեռք էր բերել ՀՀ կառավարության համաձայնությունը համաֆինանսավորման գործում մասնակցություն ունենալու համար, քանի որ Լոռու մարզպետարանը բյուջե ՝որպես այդպիսին, չունի և միջոցներ կարող է տրամադրել միայն մասնաբաժին հանելով հրատապ ծրագրերից: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են անասնապահության, տուրիզմի զարգացման և կրթական ծրագրերը: Անասնապահության բնագավառը զարգացնելու նպատակով Ֆրանսիա կգործուղղվեն և վերապատրաստում կանցնեն երկու ֆերմերներ և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության համապատասխան մասնագետը:
Տուրիզմի զարգացման նպատակով Ալավերդում համաֆինանսավորման սկզբունքով կհիմնվի տուրիստական կենտրոն, քանի որ Թումանյանի տարածաշրջանն առավել հագեցած է պատմամշակութային հուշարձաններով: Կենտրոնում աշխատելու համար համապատասխան մասնագետները կմեկնեն Մարսել և կմասնակցեն վերապատրաստման դասընթացների: Հանդիպում է տեղի ունեցել նաև ՊԱԿԱ-ի «Արհեստների և արհեստավորների պալատի» նախագահի հետ: Ինչպես հայտնի է, Սպիտակ քաղաքում պալատի աջակցությամբ ստեղծվել է ՝«Արհեստների և արհեստավորների հայկական պալատ»՝ նպատակ ունենալով զարգացնելու արհեստագործությունը:
Հանդիպման ընթացում համաձայնագրի ստորագրման նախաձեռնություն է ցուցաբերվել, որպեսզի հնարավոր լինի աջակցել փոքր և միջին բիզնեսին: Առայժմ կնախապատրաստվի և վերջնական տեսքի կբերվի համաձայնագրի տեքստը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ