Не слова вызывают боль, но нас оскорбившая наглость и надменность (Св. ВАСИЛИЙ Великий)
Միխայիլ Բաղդասարով` մարդ, որին հիրավի կարելի է համարել Հայաստանի առկա շուկայական հարաբերություններն արտացոլող հայելի: Հայելի, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ դաժան օրենքներով է շարժվում մեր «շուկան», հայելի, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ ամիսներ շարունակ աշխատել վտանգավոր ոլորտում, ինչպիսին է ավիացիան, և չվճարվել, հայելի, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է միլիոնատերը հանգիստ, առանց խղճի խայթի նայել, թե ինչպես են իր նախկին աշխատակիցները դատարկ գրպաններով մեկնում այս երկրից՝ այլ աշխատանք փնտրելու ակնկալիքով, այնինչ, եթե նա բարի գտնվեր և վճարեր նրանց իրենց կատարած աշխատանքի համար, նրանք գոնե որոշ գումար կունենային իրենց ձեռքին օտար երկրում:
Հարգելի ընթերցող, ամեն ինչ ունի իր բացատրությունը, բացի ցինիզմից, որը իրենց թույլ են տալիս մեր որոշ հարուստները: Դա ի՞նչ է նշանակում, անցած տարվա նոյեմբեր ամսվանից չվճարել ավիացիայի աշխատակիցներին: Դա էր հենց պատճառը, որ «Արմավիայի» մի խումբ աշխատակիցներ կրկին հավաքվել էին ընկերության գրասենյակի մոտ և պահանջում էին նախորդ տարվա նոյեմբերից իրենց չստացած աշխատավարձերը: Ըստ «Արմավիա» ընկերության օդաչուի խոսքերի՝ ընկերությունն իրեն պարտք է մոտ 4,5 մլն դրամ: Հարկ է նշել, որ «Արմավիայի» օդաչուների մի մասն արդեն աշխատանք է գտել կամ ման է գալիս այն օտարերկրյա տարբեր ավիափոխադրող ընկերություններում:
Պատկերացնո՞ւմ եք` և այսպիսի մարդու ձեռքերում էր հայտնվել մեր երկրի ամբողջ օդային ուղեփոխադրումը:
Հ.Գ. Այ ինչպիսի ավարտ է ունենում յուրաքանչյուր մենաշնորհ, այ թե ինչ է նշանակում մեկ մարդու ձեռքում կենտրոնացնել երկրի գլխավոր զարկերակներից մեկը: Եվ ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ եթե ոչ այսօր, ապա միգուցե վաղը այսպիսի ավարտ են ունենալու մնացած մենաշնորհները: Այո´, դա այսօր կարող է տարօրինակ թվալ, բայց սա իրականություն է, քանզի միայն առողջ մրցակցությունն է ապահով բիզնեսի երաշխիքներից ամենակարևորը, և եթե «Արմավիա» ընկերությունը ժամանակին չունենար միակ ազգային փոխադրողի ստատուս, ապա նրան զուգահեռ կկայանային նաև այլ ավիակոմպանիաներ, և հիմա «Արմավիայի» լուծարման ժամանակ օդաչուները հանգիստ կտեղափոխվեին այդ ընկերություններ, այլ ոչ թե կբռնեին արտագաղթի ճանապարհը, այն էլ դատարկ գրպաններով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել