Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի` «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցը: Հարցազրույցը կարդալուց հետո կարելի է անել մի քանի դիտարկում` կապված Նիկոլ Փաշինյանի իրական պայքարի ուղու հետ: Եվ այսպես...
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած հարցադրումները, բացահայտումները` կապված օֆշորային սկանդալի, կապված բյուջեի կատարողականի և ՎՊ-ի բացահայտած չարաշահումների հետ, հիրավի համոզիչ էին և հստակ ընդգծում էին իրական ընդդիմադիր քաղաքական գործչի ձեռագիր: Սակայն տարօրինակ չե՞ք համարում, թե ինչի՞ այս ամենը տեղի ունեցավ, երբ որ բոլորը արդեն սկսել էին խոսել վերը նշված սկանդալներից: Երբ որ իշխանությունները իրենք սկսեցին գիտակցել, որ այլ տարբերակ չկա, քան այսքան տարիների ընթացքում տեղի ունեցած չարաշահումների բացահայտումը (կրկին եկել էր ոմանց «ժերտվա» տալու ժամանակը, արդեն պրիմիտիվ դարձած, բայց աշխատող տարբերակ` ժողովրդի աչքերում արդար երևալու համար), քանզի պահը հասունացել է, լցվել է հասարակության համբերության բաժակը, և այլևս նման գործելաոճը ձեռնտու չէ հենց իշխանական թևին: Նման քաղաքականության հետագա ընթացքը ակնհայտորեն բերելու էր կործանման, քանզի ավելի քան ակնհայտ է թալանչիների գործունեությունը: 
Պետք էր մշակել նոր քաղաքականություն, և այդ հարցում որպես օգնող ուժ (դե հո չէր կարող գողը ընկերոջը «փուռը» տալ) պետք էր մի մարդ, ով հասարակության ընկալմամբ իրական ընդդիմադիր քաղաքական գործիչ է: 
Ստեղծված իրավիճակում իշխանավորները ավելի հարմար մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է, չէին էլ կարող պատկերացնել: Եվ այսպես, եկել էր Նիկոլի աստեղային ժամը, առանց այն էլ հասարակության մոտ ձևավորված դրական կերպարը կարող էր էլ ավելի «փառքի» արժանանալ: Նիկոլ Փաշինյանը սկսեց անխնա քարկոծել իշխանական թևի «ժերտվաներին» (նախապես համաձայնեցված ենթատեքստով): Սակայն այս ամենը ոչ ավել, ոչ պակաս ավելի շատ ձեռնտու է հենց իշխանական թևի ներկայացուցիչներին` հասարակության աչքերում նման կերպար աճեցնելը, ով իբր թե կբարձրաձայնի ցանկացած մախինացիա: Իրականում իշխանական թևը համախոհ է նախապատրաստում 2018 թվականի նախագահական ընտրություններում` կա՛մ բացեիբաց, կա՛մ էլ քողարկված հանդես գալու համար: 
Հիմա մեջբերեմ «Ազատություն» ռադիոկայանին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից մի հատված`
Հարց - «2018 թվականը սարերի հետեւում չէ: Ի՞նչ եք անելու: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը»:
Պատասխան. - «Չեմ կարող բացառել, որ կարող եմ մասնակցել նախագահական ընտրություններին 2018 թվականին: Բայց չեմ էլ կարող ասել, որ կմասնակցեմ հաստատապես: Եթե դա պիտի լինի անհատական որոշում, ես այդպիսի անհատական որոշում դժվար թե կայացնեմ: Շատ կարեւոր սկզբունք է` մարդկանց չտանել պարտության: Ինքս երբեք չեմ մասնակցի` մասնակցելու համար»:
Պատասխանից ակնհայտ է դառնում, որ իմ դիտարկումը ճիշտ է, քանզի ի՞նչ է նշանակում` չեմ կարող բացառել, բայց հաստատ էլ չեմ կարող ասել: Այսինքն` Նիկոլը հանդես կգա կա՛մ բացեիբաց (չեմ բացառում), կա՛մ քողարկված (չեմ կարող ասել, որ կմասնակցեմ հաստատապես): Սակայն երկու դեպքում էլ ի օգուտ իշխանական թևի: 
Բացատրեմ: 2018-ի նախագահականին, եթե Նիկոլը (աճեցված իրական ընդդիմադիր քաղաքական գործիչ` հասարակության աչքերում) մասնակցի, ապա ընդդիմադիր թևի իրական նախագահի թեկնածու հասարակությունը տեսնելու է հենց Նիկոլի մեջ և այս դեպքում, ունենալով մեկ իրական պայքարող «համախոհ», իշխանությունների համար դժվարություն չի լինի ևս մեկ անգամ իրենց ուզած թեկնածուին «նստեցնել» նախագահի աթոռին: 
Եթե Նիկոլը չմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին, սա ևս ձեռնտու է իշխանություններին, քանզի հասարակությունը, որը հավատում էր մինչ այդ ձևավորված կերպարին, կա՛մ չի գնա ընտրության (ինչը ձեռնտու է իշխանությանը), կա՛մ էլ ձայները ուղղակի կուղղվեն իշխանական թևի թեկնածուին` իրական ընդդիմադիր թեկնածուի բացակայության պայմաններում (նորից ձեռնտու է իշխանական թևին):
Հ.Գ. Մի խոսքով, իշխանական թևը, իր գործելաոճին համապատասխան, ձևավորում է մի կերպար, ով իրենց կօգնի 2018 թ.-ի նախագահական ընտրություններում հաղթել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել