Ադրբեջանին զենք վաճառելու գործարքից հետո մեր իշխանությունները սկսեցին ինչ-որ սկուրպուլյոզ կերպով ընգծված պռո-ռուսական քայլեր անել: Արդեն քանի օր է, ինչ հեռուստատեսությունով ու լրատվամիջոցներով հարցումների արդյունքներ են հայտնում, որոնցից բխում է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը վստահում է Ռուսաստանին և բարյացակամ է տրամադրված Մաքսային միություն մտնելու գաղափարին, մինչդեռ միայն 4-5 տոկոսն է դեմ:
Այնուհետև հայտնի դարձավ, որ մերոնք ուզում են գազպրոմին վաճառել «ՀայՌուսգազարդի» հայկական վերջին 20 տոկոսը, բացի դրանից, եղավ էներգետիկայի շուրթերից հնչած սենսացիոն հայտարարությունը, համաձայն որի` Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա ավելի էժան գներով գազ ու ուրան ստանալ...
Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները փորձում են շատ արագ դրական հանրային կարծիք ու մթնոլորտ ձևավորել առ Ռուսաստան ու Մաքսային միություն, ինչը հատկապես զավեշտալի է` հաշվի առնելով դեռ Քոչարյանի ժամանակվանից դավանվող «Քոմփլեմենթարիստ»-ական, իսկ հաճախ էլ բացահայտ արևմտամետ արտաքին քաղաքական կուրսը...
Ըստ իս` այս ամենի պատճառը տրիվիալ վախն է՝ իշխանությունը կորցնելու հանդեպ: Հասկանո՞ւմ եք, բանն այն է, որ մեզ որոշակի տեղեկատվական մեկուսացման մեջ են փորձում պահել ու ինտենսիվ կերպով լռում են այն հետևանքների մասին, որոնք տեղ կգտնեն Մաքսային միությանը չանդամագրվելու դեպքում, ինչպես լռում էին գազի թանկացման մասին:
Բայց ի հեճուկս նման ներքին քաղաքականության, այսօր կա համացանց ու տեղեկատվություն ստանալու այլ խողովակներ, որոնք փորփրելով կարելի է իմանալ նման մանրամասներ.
- Այն երկրները, որոնք մինչև 2015 թվականը չեն անդամագրվի Մաքսային միությանը, Ռուսաստանից ներկրվող ապրանքները, այդ թվում գազը, կստանան շուկայական գնով՝ այդ թվում նաև Հայաստանը: Իսկ շուկայական գինը մոտ 400 դոլար է կազմում այսօրվա դրությամբ:
- Եթե գազի գնի թանկացումը մի կերպ կկարողանան մարսել, ապա այս մյուսը հաստատ չեն կարողանա. մինչև 2015 թվականը Մաքսային միությանը չմիացած երկրների համար կսկսի գործել վիզային ռեժիմ: Այսօր արդեն գրեթե պատրաստ է արտասահմանյան անձնագրերով մուտք գործելու մասին օրինագիծը, իսկ վիզային ռեժիմը կլինի նորամուծություն:
Ամիսներ առաջ գրել էի սրա մասին, կկրկնեմ հռետորական հարցադրումս. պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կսկսվի Հայաստանում, եթե 500+ հազար խոպանչիներին, գումարած առնվազն մի էդքան էլ տարիներով Ռուսաստանում ապրող, բայց քաղաքացիություն չունեցող անձնաց, թույլ չտան, որպեսզի Ռուսաստանում աշխատեն...
Այնպես որ, ժամանակը սուղ է, իսկ անելիքը` շատ, դրա համար էլ ցայտնոտի մեջ իրենց իսկ ստեղծած արևմտամետ մթնոլորտն են կոտրում, իսկ ցանկացած եվրո-ամերիկամետ շարժում հարկ է դիտարկել իբրև բալանսավորված արտաքին քաղաքականության իմիտացիա և ոչ ավելին: Ասեմ ավելին, գրեթե վստահ եմ, որ նոյեմբերին կայանալիք Ասոցացման պայմանագրի ստորագրումը ձախողվելու է:



