
Համաշխարհային բանկի տվյալներով` Հայաստանում 7-14 տարեկան տղաների 12%-ը և աղջիկների 7.5%-ը աշխատում են, թեև մեր երկրի օրենսդրությամբ թույլատրվում է աշխատել միայն 14 տարեկանից հետո: Ընդհանուր առմամբ, դա կազմում է այդ տարիքի երեխաների 10%-ը: Աշխատող համարվել են այն երեխաները, ովքեր հետազոտության նախորդող մեկ շաբաթվա ընթացքում ներգրավված են եղել տնտեսական ակտիվության մեջ` առնվազն մեկ ժամով:
Աշխարհում երեխաների զբաղվածություն նկատվում է միայն թույլ զարգացած, աղքատ երկրներում, ինչպիսիք են Հարավային Ամերիկայում գտնվող Բոլիվիան (21.8%` տղաների և 19%` աղջիկների դեպքում), Աֆրիկայում գտնվող Բուրունդին (31.3% տղաների և 32.4%` աղջիկների դեպքում), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (21.4% աղջիկների դեպքում), Կամբոջան (համապատասխանաբար` 35% և 34%), Եթովպիան (19.5% աղջիկների դեպքում), Գամբիան (37.6% և 34.3%), Մոզամբիկը (27.2% և 27.7%), Հարավային Սուդանը (45.6% և 45.7%), Տոգոն (50.3% և 47%), Զամբիան (35.4% և 33.3%), Հարավարևելյան Ասիայում գտնվող Կամբոջան (35% և 34%): Նախկին ԽՍՀՄ երկրներից այդ ցուցակում կան միայն Հայաստանի և Մոլդովայի տվյալները: Վերջինում իրավիճակն այս առումով ավելի վատ է` աշխատում են տղա երեխաների 34.5 և աղջիկ երեխաների 23 տոկոսը:
ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 1997-ից սկսած հունիսի 12-ը նշում է որպես երեխաների աշխատանքի շահագործման դեմ պայքարի միջազգային օր: ՄԱԿ-ը ևս վիճակագրական տվյալներ է ամփոփել, որոնց համաձայն` այսօր աշխարհում 5-ից 14 տարեկան 250 մլն երեխա աշխատում է: Նրանց մոտ կեսը` 120 մլն-ը, աշխատում են լրիվ աշխատանքային օր : Աշխատող երեխաների 61 տոկոսը Ասիայում է, 32 տոկոսը` Աֆրիկայում և 7 տոկոսը` Լատինական Ամերիկայում: Նրանց 70 տոկոսն աշխատում է գյուղատնտեսությունում: Ճիշտ նույնքան տոկոսի աշխատանքը համարվում է վտանգավոր: