ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր ծիրանի արտահանմաբ և մթերմամբ զբաղվող «Սպայկա» և «Արևիկ Տրանս» ընկերությունների պատասխանատուների մասնակցոթյամբ հրավիրված խորհրդակցությանը, որին ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, ծիրանի առատ բերք գրանցած Խանջյան, Հացիկ և Մյասնիկյան համայնքների ղեկավարները, քննարկվեցին ծիրանի իրացմանը վերաբերող հարցեր:

Այս տարի թեպետ կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, այնուամենայնիվ, կարկտից չտուժած համայնքներում բերքն անհամեմատ առատ է: Այսօր արդեն խնդիր է առաջացել ծիրանի իրացման հետ կապված. այգետերերին չի բավարարում արտահանող և մթերող ընկերությունների կողմից 1 կիլոգրամի կամ 1 արկղի համար առաջարկվող գինը, որը տատանվում է 1 կգ դեպքում 150-300 դրամի սահմաններում, իսկ 1 արկղի դեպքում՝ 1500-2000 դրամի սահմաններում:

Ըստ վերը նշված ընկերությունների պատասխանատուների՝ Արմավիրի մարզից գնվող ծիրանի նման արժեքը պայմանավորված է ինչպես ծիրանի որակական առանձնահատկություններով ու ապրանքային տեսքով, այնպես էլ արտաքին շուկայում ծիրանի գնի նվազմամբ:

Քաջատեղյակ լինելով այգետետրերի բարձրացրած աղմուկին և ծիրանի իրացման շուկայում առկա իրավիճակին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խնդրեց համապատասխան ընկերությունների պաստասխանատուներին վերանայել Արմավիրի մարզից գնվող ծիրանի չափանիշները, արժեքն ու քանակը: Նա առաջարկեց խորհրդակցությունից անմիջապես հետո այցելել համայնքներ, զրուցել այգետերերի հետ, ներկայացնել ընկերությունների կողմից առաջարկվող հիմնական պայմանները և խնդրին փոխշահավետ լուծում տալ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ ծիրանի իրացումը պետք է հնարավորինս այնպես կազմակերպել, որ ոչ այգետերերը վնաս կրեն, ոչ էլ ծիրանի իրացմամբ զբաղվող ընկերությունները:

Հավելենք, որ կարկտից վնասված ծիրանն էլ հունիսի 22-ից սկսել է մթերել «Նոյան» բնական հյութերի գործարանը՝ 1 կգ 50 դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել