Իմ կրտսեր բարեկամ Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի՞թե հաղորդավարի կամ հաղորդավարուհու աշխատանքն առավել կարևոր կամ պատասխանատու է, քան բժշկինը կամ մանկավարժինը: Եթե ոչ, ապա ինչու՞ են որոշ հաղորդավարուհիներ մոտ 5 կամ 10 անգամ ավելի շատ աշխատավարձ ստանում թեկուզ մասնավոր հեռուստաընկերություններում, քան բժիշկները կամ մանկավարժները. արդյո՞ք սա բարոյական է:
Այսօր մասնավոր հեռուստաընկերություններում կան հաղորդավարուհիներ և հաղորդավարներ, որոնց աշխատավարձը հասնում է 1 կամ 2 մլն-ի, մինչդեռ բժիշկների աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ»... 
Ավելացնեմ, որ ՀՀ ԳԱԱ համակարգում էլ գիտության դոկտորը 65 հազար դրամ է ստանում: Այսինքն` ողջ կյանքը գիտությանը տված, մտքի ծանր աշխատանք կատարող անձը՝ ընդամենը 65 հազար դրամ... Իսկ «բլբլացնող», հաճախ մայրենին աղավաղող, ամեն նախադասության մեջ մի քանի սխալ թույլ տվող, ինքնասիրահարված հաղորդավար-հաղորդավարուհիները՝ նման աշխատավարձ... Իհարկե, որոշողը հեռուստաընկերությունն է, ինքն է գներ սահմանում, ինքն է արժևորում... Չես կարող առարկել, օրենքներ կիրառել, բայց հենց այդ հեռուստաընկերությունները մի քիչ պիտի հասկանան, որ մենք չունենք այն հաղորդավարները, որոնք այսօր կարող են միջազգային մակարդակ ապահովել, որ հենց որոշ հաղորդավարների պատճառով անջատում ես հեռուստացույցը, որպեսզի ականջներդ չսղոցվեն, որպեսզի առավոտ շուտ քո բնակարան չթափանցեն որոշ ինքնասիրահարված տգետների ճամարտակությունները, որոնք քեզանից բազմաթիվ անգամներ բարձր են իրենց կեցությամբ ու սոցիալական վիճակով, որոնք հաճախ, քո իսկ գրած տեքստը եթերից մատուցելով, քեզանից քսանապատիկ անգամ ավելի են ստանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել