«Երեկ տեղեկություն ստացանք, որ միջատների թվի կտրուկ աճի պատճառով Կոտայքի մարզում՝ Աղվերանում, հանգստյան զոտի է փակվել։ Նույն տեղեկության համաձայն, անցած շաբաթ մի քանի հանգստացողներ հանգստյան գոտուց վերադառնալուց հետո ստիպված են եղել դիմել բժիշկի և կաթիլային ընդունել, քանի որ Աղվերանում մոծակների և միջատների թիվը աննախադեպ մեծացել է, հետևապես դրանք սկսել են ավելի շատ խայթել հանգստացողներին»,– գրում է թերթն ու շարունակում.

«Առողջապահության նախարարությունից ասացին, որ նման միջադեպի մասին իրենք որևէ տեղեկություն չունեն։ Կոտայքի մարզպետարանից վերոնշյալ տեղեկությունները չմեկնաբանեցին, խորհուրդ տվեցին դիմել համայնքների ղեկավարներին։ Արզաքանի գյուղապետ Նորիկ Մովսիսյանն էլ մեր հարցերին ի պատասխան ասաց, որ թեև հանգստյան որևէ գոտու փակման մասին որևէ տեղեկություն չունի, չի բացառում, որ նման բան իսկապես եղել է։ «Նման բան կա։ Այսինքն ծառերին ինչ-որ թրթուրներ կան, մոծակներ կան, ընկնում են ու կծում են մարդկանց, ու ինչ-որ խնդիրներ առաջանում են։ Տեղյակ եմ։ Բայց մի բան ասեմ։ Երկուշաբթի օրը պլանավորված է սրսկել անտառները։

Մենք նոր դա քննարկում էինք, որոշում կայացվեց, որ երկուշաբթիից սկսելու ենք այդ սրսկումները։ Արդեն ուղղաթիռն էլ պատրաստ է։ Օդից՝ ուղղաթիռից անելու ենք։ Անտառը եթե սրսկված չէ, ամեն ինչ հնարավոր է»։ Մեր հարցին, թե ինչո՞ւ անտառը ավելի վաղ չէր սրսկվել և արդյոք դա չպետք է արվեր հանգստյան սեզոնից առաջ, գյուղապետն ասաց. «Ասեմ ձեզ։ Այս ամենը քիչ փող ունենալու հետևանք է։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Ուրիշ ոչ մի գնահատական չտամ։ Պետական ծրագիր է, պետական բյուջեից դուրս եկող փող է։ Ես մենակ ուղղաթիռի իջեցման հարցն եմ լուծել, էդ հարցը պետք ա լուծենք, որ թույնը լցնենք օդից»։ Նշենք, որ Արզաքանի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը չասաց, թե ինչքան գումար է ծախսվելու նշված գործողությունների համար, ասաց, որ դա իրեն հայտնի չէ և որ դա կարևոր էլ չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել