Կոտայքի մարզի Լեռնանիստ /Վերին Ախտա/ գյուղի նորընտիր գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը  որոշել է գյուղում բիզնես բացել, նա այժմ պոլիկլինիկա և դեղատուն  է կառուցում ոչ ավել, ոչ պակաս՝ գերեզմանատան տարածքում: Որոշ գերեզմաններ հայտնվել են շինհրապարակում, ինչը հարուցել է տեղացիների դժգոհությունը: Այս մասին Hayeli.am-ին պատմեցին խմբագրություն զանգահարած Լեռնանիստի բնակիչները: Դեռ մինչև գյուղապետ դառնալը, Արտյոմ Հայրապետյանը Հրազդանում զբաղվել է դեղատնային բիզնեսով և հիմա փաստացի որոշել է ընդլայնել իր բիզնեսը նաև գյուղի հաշվին: Գյուղացիների պատմելով՝ գյուղում մինչև այդ էլ դեղատուն եղել է, որը, սակայն, երիտասարդ գյուղապետի ընտրվելուց հետո  բոլորի համար անսպասելի պատճառներով փակվել է:

Գյուղացիների խոսքով՝ իրենց գյուղապետը մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մարդն է, և նրա թուրն այժմ և՛ աջ է կտրում, և՛ ձախ: Դեռ սեպտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արտյոմ Հայրապետյանի ընտրվելը հարուցեց շատերի զարմանքը, քանի որ մրցակցությունը բավականին թեժ էր՝ 4 թեկնածու էր առաջադրվել, և գործող գյուղապետի շանսերն առանձնապես բարձր չէին համարվում: Լեռնանիստի բնակիչների խոսքով՝ Արտյոմն հաղթել է հիմնականում ընտրակաշառք բաժանելու միջոցով՝ մի ձայնի համար 5-10 հազար դրամ գումար է տվել: Գյուղացիները միայն ընտրության ավարտից հետո են հասկացել, որ իրենց գյուղապետի հովանավորը մարզպետն է, որի անունն արդեն իսկ բացասական էմոցիաներ է առաջացնում: «Մեր գյուղացիքին տեղն ա, Գրավիկը կարգին տղա էր, Մոսկվայում աշխատած, աչքը կուշտ, մարդը եկավ, բոլորին կերցրեց-խմցրեց, բայց քաշեցին էդ մարդուն, գնացին էս ջահելին ընտրեցին»,- պատմեց մեր զրուցակիցը, ով, սակայն, խնդրեց իր անունը չհրապարակել: Նա նաև նշեց, որ գյուղում այժմ խոսում են այն մասին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, Արտյոմն իրականում ձայների մեծամասնությունը չի ստացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hayeli.am-ը անդրադարձել է Կոտայքի մարզի Լեռնանիստ /Վերին Ախտա/ գյուղի ՏԻՄ ընտրություններին: Հիշեցնենք, որ այստեղ գյուղապետի աթոռը վիճարկում էին 4 թեկնածուներ՝ գործող գյուղապետ ՀՀԿ-ական Առլիկ Արշակյանը, նույն գյուղից արտագնա աշխատանքի մեկնող Գրավիկ Մկրտչյանը և երկու երիտասարդ թեկնածուներ, որոնցից մեկն էլ Արտյոմ Հայրապետյանն էր: Նախընտրական շրջանում գյուղը բաժանվել է մի քանի փոքր ու մեծ բանակների: Թեկնածուներն անում էին ձեռքից եկածը՝ խոպանչի Գրավիկն, օրինակ,  խանութների պարտքերն էր փակել, կերուխումի սեղաններ բացել, ինչի մասին նա ասել էր նաև Hayeli.am-ի հետ զրույցում, իսկ Արտյոմ Հայրապետյանը ընտրակաշառք էր բաժանել: Գործող գյուղապետը, ով բաժանելու փող չուներ, հայտարարել էր, թե ամեն ինչ թողնում է գյուղացիների խղճին: Ինչևէ, ընտրությունները վերին Ախտայում բավականին անսպասելի ելք էին ունեցել. հաղթել է երիտասարդ թեկնածու Արտյոմ Հայրապետյանը:

Ընտրության արդյունքից «մանթրաժ»՝ խոպանչի Գրավիկն էլ զայրացած մի քանի քաղցր խոսք է ասել <<ուտող-ուրացող>> համագյուղացիների մասին ու վերադարձել Մոսկվա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել