Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թթ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին ջերմ ընդունելության համար, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում:Ծրագիրը ներկայացրեց Համահայկական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը: Ծրագրի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, Հայաստան ժամանած խմբերի ղեկավարներ: Իր ելույթում Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 11 երեխայի մայր Գոհար Ավետիսյանը նշեց, որ հյուընկալել է մեկ երեխայի և պատրաստվում է հաջորդ փուլերին ևս երեխա հյուրընկալել: Ելույթ ունեցան նաև ծրագրի մասնակիցները, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք հանդես եկան հայրենասիրական երգերով ու ասմունքով: «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել 96 երիտասարդ աշխարհի 10 երկրից: Նրանց համար այս փուլում ևս Ստ. Շահումյանի անվան դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ: Ծրագրի վերջին 4 օրերը սփյուռքահայ պատանիները կանցկացնեն Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, մասնակիցները հանդիպումներ կունենան պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել