Մամուլի և ազատ խոսքի հանդեպ ոտնձգություններն առհասարակ նոր երևույթ չեն մեզանում: Անկախ Հայաստանի պատմությունը նման օրինակներ մեզ ցավոք շատ է հրամցրել: Մեք միշտ գիտակցել ենք, որ ազատ խոսքն արժեք է, որի համար պայքարել է պետք: Ու կռիվ ենք տվել:
Իրականում ազատ խոսել բնավ էլ հեշտ չէ մի հասարակության մեջ, որտեղ անընդհատ վտանգ կա, որ ինչ-որ մեկին խոսքդ կարող է դուր չգալ ու քեզ կստիպեն դրա համար վճարել: Միայն խելագարներն են, որ չեն վախենում… մենք գիտակցում ենք վտանգն ու խավարին լույսով պատասխանում, վախին կամքի ուժով ու փոփոխություններ կատարելու ներուժով:
Ազատ խոսքի ոտնահարման հերթական փորձ է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դատն ընդդեմ BlogNews.am-ի. ջանք մեզ տապալելու, մեզ հավերժ սաստելու:
Բլոգոլորտի ուղեցույց հանդիսացող ազատ խոսքի այս հարթակը, որը մեր կուռ թիմի համառ ջանքերով կյանքի կոչվեց ու կայացավ, նման մարդկանց սրտով չէ: Ազատ խոսքից կոմպլեքսավորվողների խմբերը բնական է, որ մեզ պետք է հալածեն, բայց մենք պատրաստ ենք դրան, որովհետև նպատակ ունենք ինչ-որ բան փոխելու, խարազանելու արատավորն ու լավի ջատագովը դառնալու:
Ամիսներ առաջ մի մարդ դիմեց ինձ: ՍԱՍ սուպերմարկետների ցանցից հասարակ երշիկ էր գնել ու թունավորվել: Խնդրում էր բարձրաձայնեմ իր խնդիրը, որ մեկ ուրիշն էլ իր պես մի օր չտուժի: Անմիջապես հանձն առա այս պատմությունը տարածելու ու մասսայականացնելու գործը, օգտագործեցի բոլոր ռեսուրսներս ու կապերս հաջորդ նման դեպքը կանխելու համար: Ո՞վ գիտե, գուցե հաջորդ թունավորման դեպքը մահվան ելք ունենար: Հապաղել չէր կարելի: Արի ու տես այս զգուշացումը ՍԱՍ-ը որպես վիրավորանք ընդունեց և տուժողից ներողություն խնդրելու ու սխալը շտկելու փոխարեն ինձ՝ նյութը տարածողիս, մեղադրեց իր գործարար համբավին վնասելու մեջ ու օենքով սահմանված առավելագույն չափը պահանջեց՝ 2 մլն դրամ: Պարզից էլ պարզ է, որ BlogNews-ը, որը շահույթ չհետապնդող կառույց է, այդքան մեծ գումար տալ չի կարող և դատը պարտվելու դեպքում կարող է փակվելու խնդրի առաջ կանգնել: Հավանաբար հենց այսպեսի ճակատագիր է BlogNews-ի համար կանխորոշել, թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու օլիգարխ Արտակ Սարգսյանը(ՍԱՍ-ի Արտակ) և այս կերպ փորձում է վրեժ լուծել մեկից, ով իր ընկերության մասին թթու խոսք է ասել: Փոխանակ խնդրի մեջ խորամուխ լինելու և համատեղ ջանքերով պատմության մութ կողմերը ջրի երես հանելու, Արտակը նպատակ է դրել ամեն կերպ ոչնչացնել ազատ խոսքի այս հարթակը և այդ կերպ հողի մեջ խորը թաղել բարձրացվող խնդիրները:
Հոդվածի հեղինակի երևան չգալու դեպքում նյութի ողջ պատասխանատվությունն իմ ուսերին է ընկնում և ես եմ դատարանում ստիպված լինելու ապացուցել նյութի ճշմարտացիությունը: Հրապարակավ հայտարարում եմ, որ պատրաստ եմ ևս հազար անգամ պատասխանատվություն կրել, բայց ամեն ինչ անելու եմ, որ ՀՀ քաղաքացու ազատ խոսքի իրավունքը մեր երկրում պաշտպանված լինի: Կանեմ հնարավորը, որ գիտակցության մի մակարդակի գանք, որ ոչ ոք իմ երկրում իր ազատ խոսքը վախով չարտահայտի: Սա երկիր պիտի դառնա, որտեղ ազատ խոսքը յուրաքանչյուրի համար պետք է կարևոր արժեք դառնա, գնահատվի ու լինի միակ տեսլականը, որին հասնելու համար ջանքեր չպիտի խնայվեն: Խնդիրներն անցողիկ են, հավերժ է լոկ նպատակը, որի համար պայքարում ենք ու անկասկած պիտի հասնենք: Ազատ խոսքի անհաս թվացող բարձունքն էլ ենք գրավելու, ու դա անելու ենք միասին:
BlogNews-ը նման է հողի մեջ նոր տնկված ծառի շիվի: Եթե նրան ջրես ու խնամես, կծաղկի, իսկ եթե ոչ, չորանալն է նրա ապագան: Լրատվամիջոցին ջրողն ու խնամողը հանրությունն է, ով քեզ ապրելու շանս պետք է տա: Խնդրանքով դիմում եմ բոլոր բոլորին, նրանց ում համար ազատ խոսքն իսկապես արժեք է: Եղեք մեր կողքին այս դժվարին պահին և սատարեք մեզ: Այսօր յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն եմ զգում: Օգնեք ինձ կռիվ տալ, օգնեք ինձ հաղթել: