Կենտրոնի «Հայկական ուրբաթը» ուղիղ եթեր չի գնում, հաղորդումը, որ տեսաք անցած ուրբաթ, նկարվել էր նախօրոք` չորեքշաբթի: Հիմա, երբ գրում եմ էս տողերը, կիրակի ա, չորս օր ա անցել, հանգիստ եմ, ջղայնություն էլ չկա, արդեն կարող եմ հանդարտ վերլուծել կատարվածը:

Սկզբում ոչ մի նախանշան չկար, որ ամպեր են կուտակվում, նկարահանումից առաջ` բարեկամաբար զրուցում էինք: Վիեննայից գալուց հետո առաջին անգամ էի Պետրոսին տեսնում, ուրախ զվարթ պատմում էի Վիեննայի մասին` թե ինչքան լավ էր, երկու ամիս ոնց որ կոմունիզմը իրականություն դարձած լիներ, փողը տվել էին, Վիեննայի ուղիղ կենտրոնում տունը տվել էին, ասել էին` Մարինե, նստի ու գրի: Հետո մանիֆեստիս մասին խոսեցինք ու դրանում հիշատակված` Նոբելյան ստանալու իմ հավակնության: Ճիշտն ասած, չէի նկատում, որ Պետրոսը ներվայնանար իմ պատմածից: Ընդհակառակը` կարծես ինքն էլ վատ չէր, ուրախացած, պատմեց որ նիհարել ա …. քանի՞ կիլո, հիմա հաստատ չեմ հիշում, կարծեմ 24 կիլո, ամեն դեպքում էդ կարգի ֆանտաստիկ թիվ էր, եւ իսկապես` նայելուց էլ երեւում էր, որ կարգին նիհարել ա:

Գնացինք ստուդիա: Դեռ նկարահանումը չէր սկսվել, Պետրոսը բացման խոսքը փորձարկելով ասեց մոտավորապես սենց մի բան` «Սիրելի հանդիսատես, այսօր մեր հաղորդումը անհետաքրքիր թեմա ունի` մշակույթի մասին ենք խոսելու»: Ջղայնացա, ասեցի` «Սխալ բաներ ես խոսում, Պետրոս»: Հետո երբ որ հաղորդումը սկսվեց, Պետրոսն էդ խոսքերը արդեն չասեց, խոսեց Շեւչուկից եւ այլն: Բայց երբ որ արդեն տեսագրությունը նայեցի, տեսա որ «անհետաքրքիր» թեմայի մասին Պետրոսը այնուամենայնիվ խոսում ա` ամենավերջում, հաղորդումը փակելիս: Ասում ա` «Սիրելի հեռուստադիտողներ, ես ենթադրում եմ, որ մենք այսօր ձեր համար անհետաքրքիր թեմա էինք քննարկում….»: Ինչո՞ւ էս դետալը հիշատակեցի: Որովհետեւ կարծում եմ` կարեւոր էր: Վերջում պարզ կդառնա:

Հաղորդման թեման, արդեն հասկացաք, մշակույթին էր վերաբերում, Պետրոսը հարցը սենց էր ձեւակերպել` «Ինչո՞ւ մեր մշակույթը չի ազդում մեր սոցիալական կյանքի վրա»: Հյուրերս չորսն էինք, բայց էս հաղորդման մեջ Պետրոսը բոլորին միասին չի կանչում հարթակ, կանչում ա հերթով, ոնց ինքը հարմար կգտնի: Առաջինը կանչեց Արամ Պաչյանին եւ տվեց վերը նշածս հարցը: Արամը հարցը կապեց իշխանությունների հետ, որոնք «տոտալ անտարբերություն» ունեն լուրջ մշակույթի նկատմամբ եւ հակառակը` քարոզում են զանգվածային մշակույթ: Ես առարկելու բան ունեի եւ շարժումներով, հետո նաեւ խոսքով Պետրոսին հասկացրի, որ ուզում եմ մասնակցել խոսակցությանը: Պետրոսը տեսավ, բայց չարձագանքեց: Հաջորդը հարթակ կանչեց Վահրամ Մարտիրոսյանին, որը համաձայն էր Արամի հետ եւ էլի խոսեց «պետական հոգածության» անհրաժեշտությունից: Ես նորից շարժումներով ու նաեւ ձայնով հասկացրի, որ ուզում եմ մասնակցել խոսակցությանը: Վահրամի բավական երկար խոսքից հետո Պետրոսը շրջվեց ստուդիայի էն կողմը, որտեղ նստած էինք ես ու Արամը, եւ հարթակ կանչեց… նորից Արամին: Մի քիչ տարօրինակ էր արդեն, բայց դեռ չէի ջղայնանում: Շատ ավելի տարօրինակը կատարվեց էն ժամանակ, երբ որ Պետրոսը վերջապես տվեց իմ անունը եւ ինձ հարթակ կանչեց: Քանի որ ինձանից առաջ բավական երկար խոսակցություն էր եղել, ասեցի` լիքը բան ունեմ առարկելու, բայց էնքան ուշ կանչեցիք` չգիտեմ ոնց կետը գտնեմ, որից խոսեմ: Ու հենց ստեղ էլ կատարվեց անսպասելին, Պետրոսը ասեց` «Եթե դու ասեիր, ես քեզ շուտ կկանչեի»: Քանի որ էդ ժամանակ կամերան ինձ ցույց ա տալիս կողքից ու բավական հեռվից, չի երեւում ոնց ա դեմքս զարմանքից այլայլվում: Ասեցի արդեն` ես ոչ միայն ձեռքս թափահարելով, այլև բավական բարձր ձայնով մեկի տեղ մի քանի անգամ Պետրոսին հասկացրել էի, որ ուզում եմ մասնակցել խոսակցությանը, ու հիմա սենց բան եմ լսում: Վերջնական, եթեր դուրս եկած տարբերակում իմ ձեռք թափահարելն ու ձայն տալը չի երեւա, կկտրեն էդ մասը, կստացվի` Պետրոսը ճիշտ ա ասում` ես ձայն չեմ հանել, դրա համար էլ ինքն ինձ չի կանչել հարթակ: Բայց չէ՞ որ նկարահանման պահին ստուդիայում կային լիքը մարդիկ, չէ՞ որ իրանք տեսան, որ Պետրոսն ինձ էդքան տգեղ ձեւով հեգնեց:

Անկեղծ` արդեն հավասարակշռությունից դուրս էի գալիս, բայց ինքս ինձ ասեցի` Մարինե, հանգիստ, հանգիստ պահի քեզ: Թեման կարեւոր էր իմ համար, ու ես ուզում էի խոսել, ուզում էի դուրս բերել խոսակցությունը «իշխանությունները բան չեն անում գրողների համար» տհաճ ու փակ շղթայից: Տեսագրության մեջ երեւում ա, թե ինչ ահավոր արագ եմ խոսում, արդեն հասկացել էի, որ շատ ժամանակ չեմ ունենա, որ Պետրոսը ուրորա ինձ կընդհատի: Կարծես թե դժգոհության տոնայնությունից խոսակցությունը դուրս բերել հաջողվեց ու կարծես թե նաեւ հասցրի խոսել էն մասին, թե ինչու ճիշտ չեմ համարում իշխանությունից մշակույթի հարցում ինչ-որ բան ակնկալելը կամ նույնիսկ պահանջելը: Իմ հստակ դիրքորոշումն ա` էս իշխանությունը պետք ա փոխել: Քանի դեռ չի հաջողվել փոխել` իրանից ոչ մի ակնկալիք եւ պահանջ պետք չի ունենալ մշակույթի հարցում, քանի որ գավառական իրանց մտածողությամբ ինչ էլ անեն` մենակ ավելի վնաս են տալու: Ուրեմն ինչքան քիչ խառնվեն, էնքան լավ: Եթե ինձ մնար, ես կցրեի թե Գրողների միությունը, թե մշակույթի նախարարությունը: Գրականությանն ու արվեստին կառույցներ պետք են իհարկե, բայց դրանք պետք ա լինեն անկախ ու նոր կառույցներ եւ ոչ մի դեպքում կապ չունենան իշխանությունների հետ:

Էսքանը հասցրի ասել, ու դրանից հետո, կարճ ռեպլիկները չհաշված, որոնցից մեկը էն մասին էր, որ Պետրոսն իրա հարցը սխալ ա ձեւակերպում, ինձ արդեն չհաջողվեց խոսել: Ընդ որում հաղորդման կեսին դեռ չէինք հասել: Տեսնելով, որ Պետրոսը ինձ չի թողնում խոսել, ես ռեպլիկներն էլ դադարացրի, որ մահանա չբռնի, ու Պետրոսի հերթական երկար հարցից հետո լուռ սպասեցի` տեսնեմ ինձ ի վերջո ձայն տալու ա, թե չէ: Բավական երկար լռելուց հետո, երբ որ մի հյուրը խոսել վերջացրել էր, իսկ մյուսները խոսելու ցանկություն չէին հայտնում, ես հարցրի` «Պետրոս, հիմա կարո՞ղ եմ խոսել»: «Ոչ» հնչեց պատասխանը: Ու ես թողեցի, դուրս եկա ստուդիայից, հաղորդումը շարունակվեց առանց ինձ:

Հիմա գանք ամենագլխավորին` Պետրոս Ղազարյանի ողբերգական կերպարին: Պետրոսն ինձ առաջին անգամ իրա հաղորդմանը` «Ուրվագծին», հյուր ա կանչել հեռավոր 2004 թվականին ու դրանից հետո, որոշ դադարները չհաշված, պարբերաբար (ի դեպ, ամենամեծ դադարը 2007-2008-ի շարժման հետ էր կապված, որի ժամանակ Պետրոսն ինձ հյուր չէր կանչում): Դե գիտեք` Պետրոսի հաղորդումները բավական նայվող են, ամեն հաղորդումից հետո երբ որ դուրս էի գալիս փողոց, մարդիկ մոտենում էին, մեծ մասամբ հավանություն էին տալիս ասածներիս եւ … սենց ասեմ, իրանց ոչ էնքան ջերմ զգացումներն էին արտահայտում Պետրոսի նկատմամբ: Էդ զգացմունքների «ոչ ջերմությունը» էնքան ծայրահեղ էր ինձ թվում, որ ես հաճախ պաշտպանում էի Պետրոսին, սենց ասեմ, չափազանցված քննադատությունից: Ասում էի` ինքը վախկոտ չի, ուղղակի զգույշ մարդ ա, եթե էդքան զգույշ չլիներ, իրա հաղորդումը փակած կլինեին վաղուց, դրա համար էլ ստիպված ա տենց զգույշ լինել: Հիմա էլ եմ կարծում, որ Պետրոսը ոչ թե վախկոտ ա, այլ զգույշ ու չեմ ափսոսում, որ իրան հաճախ պաշտպանել եմ, երբ խոսակցություն ա բացվել: Բայց զգուշությունը, պարզվում ա, էնքան էլ անվնաս ու անշառ հատկանիշ չի: Երբ որ քաղաքական հարցերում ստիպված ես անընդհատ զգույշ լինել ու ասել/անել ոչ թե էն, ինչ ուզում ես, այլ էն, ինչ պահանջվում ա, դրա արդյունքում, պարզվում ա, մարդու հոգեբանության մեջ ի վերջո կատարվում են վտանգավոր փոփոխություններ:

Ես հաճախ ա եղել` հեռուստաբանավեճերի ժամանակ կոնֆլիկտի մեջ եմ մտել զրուցակցիս հետ, հաճախ` շատ սուր կոնֆլիկտի, ու միշտ հասկացել եմ` որն ա էդ կոնֆլիկտի աղբյուրն ու հիմքը: Էս անգամ, կոնֆլիկտի մեջ հայտնվելով ոչ թե զրուցակցիս, այլ հենց հաղորդավարի հետ, ես սկզբում չհասկացա` որն էր դրա հիմքը, եւ ինչ էր դա նշանակում: Հետո արդեն` հետադարձ հայացքով կատարվածին նայելուց հետո, պարզվեց` բախվել եմ Պետրոսի ամբիցիաներին: Պետրոսի ամբիցիաներն իհարկե չեն հասնում Նոբելյան ստանալուն, ոնց որ իմը, դրանք ավելի համեստ են, ընդամենը հանգում են հեռուստատաղավարից «մեր մշակույթի ծանր վիճակի» պատճառների մասին երկար-բարակ դատողություններ անելուն` դրանք ձեւակերպելով որպես հարց, հա, ու մեկ էլ` մշակույթի թեմայի անհետաքրքիր լինելու մասին «սրամիտ» ռեպլիկ անելուն: Բայց անգամ ամենահամեստ ամբիցիաները պահանջում են բավարարում, այսինքն` պահանջվում ա, որ դու հաղորդավարի տված հարցերի եւ նետած ռեպլիկների խորիմաստությամբ հիանաս, ոչ թե դրանք սխալ հանես, ոնց որ արեցի ես:

Ծանր ա հաղորդավարի գլխարկը: Ինչ լավ ա, որ ես դրանից չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել