Հոսպիտալացված ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը վերջին 24 ժամերին դարձել է ծայրահեղ: Այս մասին հայտարարել է ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման, ով այցելել էր ապարտեիդի դեմ պայքարի 94-ամյա ազգային հերոսին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«Բժիշկներն անում են հնարավորը նրա առողջական վիճակը բարելավելու համար: Նա լավ ձեռքերում է»,- նշել է Զուման:

Պետության ղեկավարը հերքել է շաբաթ օրը ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները Մանդելայի սրտի կանգի վերաբերյալ:

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են հայտնվել Մանդելայի առողջական վիճակի վատթարացման մասին: Նրանց տվյալներով՝ նախկին նախագահը արդեն մի քանի օր է՝ աչքերը չի բացում և ոչնչի չի արձագանքում:

Երկու շաբաթ առաջ Մանդելան հոսպիտալացվել էր թոքային ինֆեկցիայի պատճառով: Ապարտեիդի ռեժիմի ժամանակ 27 տարվա բանտարկության ընթացքում նա հիվանդացել էր տուբերկուլյոզով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել