
թուրքագետ, «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր
Գեզի զբոսայգի, Թաքսիմ հրապարակ, Ստամբուլ, Էրդողան, ցույցեր, արցունքաբեր գազ… Սա վերջին շրջանում մեր արևմտյան հարևանների վերաբերյալ ամենաշատ հիշատակվող բառերն են:
Շատերն են լսել Թուրքիայում ծավալված ալիքի մասին, սակայն առավել դասակարգված և ընդգրկուն, հանրամատչելի նյութի կարիք, կարծում ենք, կա: Թուրքիայի հակակառավարական ալիքի պատճառների, ընթացքի, զարգացումների, հայերիս հետ դրա կապի մասին կարող եք ծանոթանալ հոդվածում.
Ինչպե՞ս սկսվեց և զարգացավ
Մայիսի 31-ին և հունիսի 1-ին մամուլը պայթեց Թուրքիայում սկիզբ առած ցույցերի վերաբերյալ տեղեկություններով:
Դեռևս մայիսի 28-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում մի խումբ բնապահպաններ, քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա սկսեցին՝ փորձելով կանխել ծառահատումն ու շինարարությունը կանաչ տարածքում, ինչով հսկա մեգապոլիսի կենտրոնն այնքան էլ հարուստ չէ:
Ստամբուլի քաղաքապետարանն ու Թուրքիայի կառավարությունն Էրդողանի գլխավորությամբ որոշել էին Գեզի զբոսայգու տարածքում վերականգնել Հրետանավորների զորանոցների շենքերը և այն վերածել խոշոր առևտրի կենտրոն: Իսկ այս նախագիծը մեծ դժգոհությամբ էր ընդունվել ստամբուլցիների կողմից:
Սա Գեզի զբոսայգու մի խումբ ցուցարարների՝ բողոքի ակցիա սկսելու պատճառների մասին, իսկ թե ինչպես այս ակցիան վերաճեց հզոր և զանգվածային հակակառավարական ցույցերի, փորձենք ներկայացնել հաջորդիվ:
Մայիսի 31-ին թուրքական ոստիկանության ուժերը ներխուժեցին զբոսայգի և բռնի ուժով այնտեղից հեռացրին ոչ ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող բնապահպաններին:
Սա էլ կայծ հանդիսացավ, որպեսզի Թուրքիայում հարյուր հազարավոր մարդիկ ոտքի կանգնեն: Մայիսի 31-ի երեկոյան և հունիսի 1-ին ցուցարարների հոծ խմբերը փորձ կատարեցին մտնել ոստիկանության հսկողության տակ գտնվող Թաքսիմ հրապարակ, սակայն իրավապահների կողմից հակազդեցության արժանացան, ինչից հետո էլ սկսվեցին բախումները: Ավելի ուշ ոստիկանները հրապարակը զիջեցին ցուցարարներին, սակայն իրավիճակը շարունակում էր գերլարված մնալ:
Բողոքի ալիքն արագորեն տարածվում էր Թուրքիայի ողջ տարածքով: Հետագա օրերին ոստիկանների և ցուցարարների միջև արյունալի բախումները դարձան սովորական: Ձերբակալվածների թիվը հաշվում էին հազարներով, նույնը նաև վիրավորների դեպքում:
Իրադրությունը երկար ժամանակ անհանգիստ էր Ստամբուլի Բեշիքթաշ, Գազի թաղամասերում, Դոլմաբահչե պալատի շրջակայքում: Առանձնակի ուժգնությամբ էին առանձնանում բախումները մայրաքաղաք Անկարայում, որտեղ գրանցվեց զոհերից մեկը. ցուցարարներից մեկին ոստիկանները վիրավորել էին՝ կրակ արձակելով գլխին: Ելույթների ողջ ընթացքում Անկարան դարձավ ամենադաժան և լարված բողոքի ակցիաների թատերաբեմը:
Ցույցերը տարածվին նաև Թուրքիայի վաթսունից ավել խոշոր բնակավայրերում, ինչպիսիք են Իզմիրը, Էսքիշեհիրը, Ռիզեն, Անթալիան և այլն:
Բնապահպանական ակցիայից վերածված հակակառավարական հզոր ցույցի գլխավոր պահանջ-կարգախոսն էր Թայիփ Էրդողանի հրաժարականը, ապա Գեզի զբոսայգում ցանկացած շինարարության դադարեցումը:
Ի՞նչն էր ցույցերի պատճառը
Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումը լոկ պատրվակ էր, որպեսզի Թուրքիայի մի հատվածը ոտքի կանգներ՝ բողոքելու Էրդողանի կառավարության դեմ:
Երկար տարիներ Էրդողանի վարած քաղաքականությունից կուտակված դժգոհությունը սպասում էր պարպման, ինչի համար էլ առիթ ծառայեց Գեզին:
Էրդողանը, ով հայտնի է իր կոշտ, չզիջող, կտրուկ բնավորությամբ, ոչ միանշանակ է ընդունվում ժողովրդի կողմից: Թեև նա ունի զգալի թվով աջակիցներ և նրանց թիվը գերակշռում է, սակայն նրա ընդդիմադիրներն էլ բողոքելու բազում պատճառներ ունեին և ունեն:
Ալկոհոլի տարածումը սահմանափակող օրենքը, ինչպես կասեին ցուցարարները՝ Էրդողանի՝ սուլթանի կարգավիճակի ձգտումները, իր լիազորությունները չարաշահելը, ավտորիտար մոտեցումները, իսլամամետ քաղաքականությունը քեմալիստական, ազգայնական, աշխարհիկ հիմքերի կողմնակիցների մոտ լուրջ մտահոգություն էին առաջացնում:
Եվ ահա հերթական դեպքն էլ Գեզի զբոսայգու ծառահատումն էր, երբ ոստիկանները քաղաքացիներին ուղղակի ամենատգեղ ձևով վտարեցին այգուց: Սա արդեն դժգոհ զանգվածի համար վերջին կաթիլն էր, ինչից էլ հետո դուրս ժայթքեց այն, ինչ մենք բոլորս քսան օրից ավել ականատես ենք լինում:
Ովքե՞ր են մասնակցում
Ցույցերին մասնակցում են հասարակության ամենատարբեր շերտերի, ամենատարբեր կրոնական, քաղաքական, գաղափարական ուղղությունների, տարիքի, սեռի ներկայացուցիչներ:
Հանգիստ կարելի է ասել, որ Թուրքիայում հակակառավարական ալիքին մասնակցում են գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչներ` մտավորականներ, բանվորներ, երիտասարդներ, ձախեր, քեմալիստներ, ալևիներ, հայեր, քրդեր, ազգայնականներ, ազատականներ, ֆուտբոլասերներ, կոմունիստներ, չափահասներ և անչափահասներ:
Ընդ որում, պայքարի ընթացքում առավել ակտիվ են Թուրքիայի առաջատար ֆուտբոլային ակումբների երկրպագուները, հատկապես «Բեշիքթաշի» «Չարշը» ֆան ակումբը, ձախաթևյան քաղաքական ուժերի անդամները, ազգայնական և քեմալիստական ուժերը, հատկապես «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները, արհմիությունները:
Ի՞նչ վիճակ է այժմ Թուրքիայում
Էրդողանը կարողացավ և կարողանում է իրավիճակը որոշ բացառություններով իր վերահսկողության տակ պահել, թեև դրանց տարերային և զանգվածային բնույթին, բողոքողների ագրեսիվ տրամադրվածությանը: Թուրքիայի վարչապետը, ով ունի ընտրողների զգալի հատվածի աջակցությունը, խիստ դիրքորոշում դրսևորեց ցույցերի հանդեպ և մինչ վերջ զիջումների չգնաց, թեև որոշակի շեղումներ այդ կուրսից եղան:
Էրդողանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո որոշեց գրոհով վերցնել Թաքսիմը, ինչն էլ ոստիկաններին հաջողվեց անել հունիսի 16-ին: Հենց այս գործողությունից հետո էլ Ստամբուլում ցույցերը համեմատաբար հանդարտվեցին, թեև Անկարայում և մի քանի այլ վայրում կատաղի բախումները շարունակվում են մինչ օրս:
Ցուցարարներն անցել են ավելի կրեատիվ բողոքի տեսակների, որոնք զուրկ են ագրեսիվությունից, ուժից և հետևաբար՝ առավել անվտանգ են իշխանությունների համար: Վերջին օրերին հատկապես լայն տարածում ստացավ «կանգնած մարդ» ակցիան: Մարդիկ միայնակ կամ խմբերով մի վայրում լուռ անշարժանում էին և նայում մի կետի, իսկ որոշ ժամանակ անց դեպքի վայրից հեռանում: Այս ակցիան համատարած բնույթ է կրում, և Էրդողանի վաղաժամ հեռանալուն ամենևին չի նպաստում:
Ամեն դեպքում, հակակառավարական ելույթները շարունակվում են և տարբեր դրսևորումներ են ստանում: Թեև այժմ դրանք նախկինի պես զանգվածային և հզոր չեն, սակայն
Ո՞վ է հաղթում
Թեև վաղ է շարժումը համարել վերջնականապես թուլացած, իսկ Էրդողանին էլ շնորհել հաղթանակը, սակայն հիմնական պատասխանը հնարավոր կլինի տալ ընտրությունների ժամանակ, որոնք հաջորդ տարի են:
Ցույցերի ընթացքում մի որոշ ժամանակ Ստամբուլում էի, և իմ անձնական հարցումների ժամանակ, որոնք անում էի հիմնականում աշխատավոր բնակչության շրջանում, Էրդողանի կողմնակիցները կազմում էին 90 տոկոս: Իսկ ահա մտավորականների, հասարակական գործիչների շրջանում Էրդողանի հակառակորդները գերակշռում էին:
Մտավորականության, քեմալիստների, ձախերի, կրոնական, ազգային, անգամ սեռական փոքրամասնությունների մի հատված, որն ամբողջովին դեմ է Էրդողանին: Սակայն ինչպես ցույց է տվել ժամանակը, Էրդողանը հաղթում է միջին խավի, ինչո՞ւ չէ, նաև քրդերի ձայների շնորհիվ:
Եթե այս ռաունդում հաղթանակն Էրդողանինն է, ապա վերջին ռաունդը, որն էլ կլինի հաղթողին որոշողը, կավարտվի ընտրությունների արդյունքների հրապարակումով:
Պայքարի անկման միտումները նաև պարտություն է ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության համար, որը չկարողացավ շարժումը գլխավորել և հասնել ներկայիս կառավարության հրաժարականին:
Հայերը, Հայաստանն ու Գեզին
Փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեն հակակառավարական ցույցերը Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի վրա:
Նախ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ նույնպես մասնակցում էին ցույցերին: Ամեն դեպքում, պատմությունը ցույց է տվել, որ նման խառնակ իրավիճակներում Թուրքիայի ազգային փոքրամասնությունները մշտապես տուժում են, ենթարկվում բռնությունների և կոտորածների: Բարեբախտաբար, առայժմ հայերի թիրախավորումը ցավալի հետևանքների չի բերել:
Միևնույն ժամանակ Թուրքիայի հայ համայնքը, ի դեմս «Նոր Զարթօնք» կազմակերպության անդամների, ցույց տվեց, որ կարող է նաև մասնակցել քաղաքական զարգացումներին:
Իսկ ահա Հայաստանի շահերից է բխում երկարատև խառնակ իրավիճակը Թուրքիայում, ինչը թույլ չի տալիս մեր արևմտյան հարևանին ամբողջապես կենտրոնանալ արտաքին հարցերի վրա: Հայաստանի դեպքում դա Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունն է, Արցախյան հարցում հակահայ կեցվածքը, Հայաստանի շրջափակումը, թուլացումը, հակահայ քաղաքականությունը:
Պետք է հիշել, որ Գեզի զբոսայգու տարածքում մի քանի դար եղել է հայկական գերեզմանատուն, որն ավերել են 30-ականներին և նրա տեղը կառուցել այգին, հյուրանոցներ և այլ շինություններ:
Օսմանյան սուլթան Սուլեյման Առաջինն այս տարածքը նվիրել է հայերին, երբ իր խոհարար Մանուկ Կարասեֆերյանը փրկել է նրա կյանքը: 1551-1939 թվականներին այստեղ եղել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը: Հանրապետական Թուրքիայում արդեն որոշել են այս տարածքն այլ նպատակներով օգտագործել:
Բողոքի ակցիաների ժամանակ այս մասին բազմիցս բարձրաձայնվել է:
Ցույցերի առանձնահատկությունները
Ցույցերը կրում են տարերային բնույթ, չունեն հստակ առաջնորդ կամ առաջնորդների խումբ: Դրանք աչքի են ընկնում աշխարհագրական լայն տարածվածությամբ, ինչպես նաև հասարակության ամենատարբեր ներկայացուցիչների ներգրավածությամբ:
Ցուցարարների թիրախում Էրդողանն է, ոստիկանությունը, թուրքական լրատվամիջոցները: Ընդ որում, թուրքական լրատվամիջոցները լուրջ քննադատության տարափի տակ էին, քանի որ չէին հեռարձակում բուն իրադարձությունները, աչքի էին ընկնում կողմնապահությամբ: Այդ պատճառով էլ բողոքի ակցիաներ եղան «ՀաբերԹյուրք», NTV, CNNTurk հեռուստաընկերությունների շենքերի առաջ, ինչպես նաև Թաքսիմում այրեցին նրանց շարժական հեռուստակայաններ:
Ելույթների ողջ ընթացքում տեղեկության փոխանակման թիվ մեկ հարթակը «Թվիթերն» է, որում օգտագործվում է #occupygezi, #occupytaksim հեշթեգերը:
Ցուցարարներն արագորեն ստեղծին իրենց ֆեյսբուքյան էջերը, կայքերը, որոնք էլ «Թվիթերի» հետ ելույթների առաջին օրերին հանդիսանում էին տեղեկությունների հիմնական աղբյուրը:
Թուրքական ոստիկանությունն օգտագործում էր հսկայական ծավալով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ինչի պատճառով էլ լուրջ քննադատության է արժանացել: Ցույցերի ընթացքում ոստիկաններին մեղադրվում են բռնի ուժի չարաշահման համար:
Թվեր
Ըստ Էրդողանի հրապարակած տվյալների՝ ելույթների ընթացքում պետությանը հասցվել է 55 մլն ամերիկյան դոլարի վնաս:
Ցուցարարների շրջանում մահացածների մասին տվյալները խիստ տարբեր են. առավել ընդունված է նշել 3 զոհի մասին (Ստամբուլում, Անկարայում, Ալեքսանդրեթում):
Ոստիկանների շրջանում գրանցվել է 1 մահ. ոստիկանը մահացել է ցուցարարներին հետապնդելու ժամանակ բարձրությունից ընկնելու պատճառով:
Ձերբակալվածների թիվը կազմում է մի քանի հազար մարդ, վնասվածք ստացածների թիվը 8 հազարից ավել է:
Ցույցերի ընթացքում 4 ոստիկան է ինքնասպանություն գործել:
Պաշտոնապես ցույցեր են գրանցվել 67 բնակավայրում:
Ցույցերի ընթացքում 30 հազար զբոսաշրջիկ չեղյալ է հայտարարել հյուրանոցի ամրագրումը:
Ցուցարարներն այրել են 200-ից ավել ավտոմեքենա, 100-ից ավել ոստիկանական մեքենա, մեծ թվով ավտոբուսներ:
Ստամբուլ-Երևան, 23.06.2013