
Երեկ, Ռուսաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններից ամենահայտնի` «Հանուն մարդու իրավունքների» շարժման իրավապաշտպաններին զրկել են Մոսկվայի կենտրոնում գտնվող գրասենյակից: Ըստ «Ինտերֆաքսի»՝ նրանց պարզապես ուժով տեղահանել են: Քաղաքային իշխանությունները օրինական են համարում նրանց տեղահանումը, նրանք իրավապաշտպաններից պահանջել են ազատել գրասենյակը, պատճառաբանելով, թե տարածքի վարձակալության ժամկետն ավարտվել է դեռևս փետրվարին: Իրավապաշտպանները հրաժարվել են լքել գրասենյակը և իշխանությունների պահանջը համարել են անօրինական:
Տեղահանության ժամանակ գործադրվել է բռնություն, վնասվել է գրասենյակի տեխնիկան: Շարժման ղեկավար Լև Պոնոմորյովն ասել է, թե իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են գրասենյակ և իրավապաշտպաններին քշել փողոց: Գրասենյակում մնացել է ութ մարդ : 72-ամյա Պոնոմորյովը պատմել է, թե ինչպես են իրեն քարշ տվել աստիճաններով և հարվածել ոտքերով: Բժիշկները փաստագրել են իրավապաշտպանների վնասվածքները, յոթ հոգի դիմել են բժշկական օգնության, տուժածներից մեկին տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ: ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Վլադմիր Լուկինը Մոսկվայի իշխանությունների և ուժայինների գործողությունները կամայականություն է որակել: «Մենք իրավաբանների հետ կքննարկենք, թե ինչպես արձագանքենք տեղի ունեցածին»,- ասել է օմբուդսմենը: Վերջինիս նույնպես մոսկովյան իրավապահներն արգելել են գնալ դեպքի վայր, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
Երեկ քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան շարժման արդեն նախկին գրասենյակի մոտ՝ «Ձեռքներդ հեռու Պոնոմորյովից», «Մենք չենք հեռանա» վերտառությամբ ցուցապաստառներով:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ