Նորից գիշեր է, ու ձայնարկիչս նորից նույն երգն է երգում ...
      

Աստղերը կախվել երկնքից ու գիրկս են նետվում: Ես լող եմ տալիս աստղաբույլի գրկում, բայց աչքերով տենչում լուսնին: Այդ խորհրդավոր օղակը հայացքը սևեռել է վրաս ու մի վայրկյան աչքը չի թարթում: Նա գիտի իմ գաղտնիքը, թեև ես նրան ոչինչ չեմ պատմել, գիտի, որ նորից մենակ եմ իմ անքնության ու վախերի հետ: Ամեն ինչ կտայի, միայն թե չապրեի այն զգացողությունը, որ ստեղծվում է միայնության, անքնության ու կարոտի համաձուլվածքից:

       Լուսինը երբեք այսքան սարսափելի չէր եղել: Ես վախենում եմ լուսնից, որովհետև նրա առաջ ես ու իմ ճշմարտություն կոչվածը մերկ ենք: Նրան խաբելն անօգուտ է, եթե պատրաստ չես խոստովանել ճշմարտությունը, ավելի լավ է ոչինչ չասես:
       Արդեն 2 ժամ է, ինքս ինձ գրկած, աչքերս փակ պառկել եմ անկողնում ու ինձ հույս եմ տալիս, որ ուր որ է կստացվի, որ շուտով կազատվեմ անքնությունից... ու այսպես ամբողջ գիշեր նույն հույսով եմ մնում: Լինում են պահեր, երբ աչքերս հոգնածությունից սկսում են ցավել, բայց տեխնիկական խնդիրների` ուղեղի չանջատման պատճառով քնել չի ստացվում: Երանի ցանկությունն ու աչքերը փակելը բավական լինեին քնելու ու բարի երազներ տեսնելու համար: Հոգնել եմ երկնագույն բվի կարգավիճակից, մի՞թե ամենասովորական, ամենապարզ հանգստությունը շատ է ինձ համար:
     Քնաբերի օգնության կարիքը չունեմ, քանզի դա միայն ժամանակավոր է ուղեղն անջատում, իսկ ես ուզում եմ արթնանալ ու չհիշել քեզ` կյանքիս մեծագույն և միաժամանակ ամենագեղեցիկ սխալին:
      Ծածկոց, տաք թեյ ու օրագիր... Նորից նույն պատմությունը, վաղն էլ ոչինչ չի փոխվի, լավագույն դեպքում լուսնի մարմնի ձևն ու աստղերի քանակը, իսկ ես նորից կնստեմ պատշգամբում ու կսպասեմ ինքս էլ չգիտեմ, թե ում կամ ինչին:
     Շատերը կերազեին լուսնի պես զրուցակից ունենալ, բայց քեզնից հետո անգամ լուսինն է անհետաքրքիր ու մռայլ :
       Չեմ ուզում նայել ժամացույցին, լռությունը կատարելապես տիրել է փողոցին, ուրեմն շատ ուշ է: 
       Ինձ համար դեռ սովորական չէ այն, որ ես հիմա արթուն եմ, իսկ դու` քնած, այն էլ հանգիստ: Այդ ե՞րբ ու ինչպե՞ս ամեն ինչ փոխվեց, որ ես չնկատեցի: Կար ժամանակ, որ դու այսքան շուտ չէիր քնում, դու առանց իմ մասին մտածելու, առանց ինձ հետ խոսելու, առանց աստղերն ինձ նվիրելու չէիր քնում, իսկ հիմա ես նույնիսկ չգիտեմ, թե ով ու ինչ կա քո երազում: Մեզ թվում էր, թե բոլոր առավոտներն ինձ են պատկանելու և բոլոր գիշերները` քեզ, որ ողջ օրը, ամիսը, տարին, աշխարհը իրար մեջ ենք կիսելու, և մենք բնավ նկատի չունեինք այն, ինչ սովորաբար մարդիկ հասկանում են կիսել ասելով: Մեզ էին պատկանում աստղերը, լուսինը, երկինքը, տիեզերքը, արևը, լուսինը, ես քոնն էի, դու` իմը, իսկ հիմա ես ինձ եմ պատկանում, դու` քեզ. գրողը տանի, այսպես չպիտի լիներ:
     Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ օրագրում էլ քո մասին չեմ գրելու, որովհետև դու վաղուց քո մտքի օրագրից պատռել ես ինձ վերաբերող էջերը, բայց միայն խոստանում եմ:
       Պատշգամբում ցուրտ է, բայց վստահ չեմ, որ սենյակում կամ որևէ այլ տեղ ավելի տաք կլինի: Քամու ձայնն ավելի սարսափելի է, քան ժամացույցի թխկոցը: Այն ասես սլաքները հետ է պտտում ու հեռացնում ինձնից առավոտը: Թվում է, թե առավոտը երբեք չի գա, միշտ գիշեր կլինի, ու ես երբեք չեմ կարողանա քնել:
       Գիշերային մտքերս ավելի շատ խզբզոցի են նման, սև ու կապույտ խզբզոցի, նրանք էլ են իրենց քունը կորցրել:
     Մարդիկ սարսափում են գիշերներից, որովհետև դրանք ստիպում են մտածել, առանց հարցնելու ուզում ես դու դա, թե ոչ, ստիպում հիշել` անկախ քո պատրաստ լինել -չլինլուց, կարոտել առանց հաշվի առնելու` քեզ կարոտում են, թե ոչ,  և չքնել միայն այն պատճառով, որ ՆԱ է այդպես ուզում:
     Դու հիմա քնած ես, որովհետև քեզ համար ամեն ինչ ավարտված է, իսկ ես չգիտեմ, թե դեռ որքան եմ արթուն մնալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել