Առողջ մաշկ ունենալու համար շատ կարևոր է, որ օրգանիզմը բավականաչափ հեղուկ ստանա: Ջրային բալանսն օգնում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը, որն իր հերթին նպաստում է մաշկային բջիջների ճշգրիտ աշխատանքին: Հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր խնդիրներ, և մաշկը դառնում է անպաշտպան, որի հետևանքով կորցնում է ճկունությունը, փափկությունը, տոնուսը, դառնում չոր: Պետք է հիշել, որ ջրազրկման հետևանքով ամենաշատը տուժում են դեմքը, պարանոցը, ձեռքերը և նախաբազկի շրջանը:

Ընդհանրապես խորհուրդ է տրվում խմել օրական 2-2,5 լիտր հեղուկ, սակայն կապված սեռի, տարիքի, ֆիզիկական ակտիվության աստիճանի կամ արտաքին ջերմաստիճանի հետ` ջրի քանակը կարող է փոփոխվել: Շոգ ժամանակ կարելի է քանակությունն ավելացնել, քանի որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է նաև ջրի կորուստը, իսկ ջրազրկված օրգանիզմը դադարում է ծարավի զգացում ունենալուց: Մրգերը և բանջարեղենը նույնպես նպաստում են հիդրատացիային` ջրակցմանը, քանի որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում: Սպորտով զբաղվողները պետք է հեղուկ ընդունեն մարզվելու ընթացքում և մարզվելուց հետո, քանի որ քրտնելու հետևանքով ավելի շատ հեղուկ են կորցնում: Քրտնելու ժամանակ, բացի ջրից, դուրս են գալիս նաև կենսականորեն անհրաժեշտ հանքային աղերը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել դրանցով հարուստ սննդամթերք կամ միջոցներ: Պետք է խուսափել ալկոհոլային խմիչքներից. ծխելն ու ալկոհոլի օգտագործումը նպաստում են օրգանիզմի արագ ջրազրկմանը: Խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք, քանի որ արևի ազդեցության հետևանքով այն մաշկի վրա վերածվում է շագանակագույն բծերի:



Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում դեմքը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից և օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Պետք չէ թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, քանի որ ջրի գոլորշիացման հետ ջրազրկվում է նաև մաշկը: Ավելի խորը մաքրում կատարելու նպատակով բավարար է շաբաթը մեկ անգամ մաշկը մաքրել, մեռուկացած շերտերը հեռացնել համապատասխան քսուքներով:

Լվացման համար նախատեսված գելերն ու փրփուրները կարելի է հերթագայել լորենու, երիցուկի, կատվալեզվի ծաղիկներից պատրաստած եփուկով: Երկար ժամանակ դրսում գտնվելուց հետո խորհուրդ է տրվում այդ եփուկներից որևէ մեկով թրջած անձեռոցիկները դնել դեմքի վրա: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել