Հարգելի երկրպագուներ
Իհարկե շնորհակալ եմ բոլորիցդ, որ հետաքրքրված եք իմ ֆուտբոլային գործերով, բայց ուզում եմ ձեզ խնդրել որ ոչ միայն չանեք անհարկի մեկնաբանություններ, այլեւ կանխեք բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով թյուրիմացություններ են ստեղծում:

Մի քանի օր է անընդհատ տարբեր լրատվամիջոցների լուրերում, ֆորումներում ու ֆեյսբուքում կարդում եմ տեղեկություններ, որոնց մասին ես անգամ լուր չունեմ, բայց նշվում են, որ դրանք իբր հավաստի աղբյուրներից են կամ իմ ակումբին ու Եվրոպական այլ ակումբների մոտ կանգնած իրենց աղբյուրներից:

Ես հավատացնում եմ, որ այդպիսի աղբյուրներ ոչ ոք չունի եւ դրանք պատահական մեկնաբանություններ են:

Շատ են նաեւ գրվածքներ, որոնք վերաբերվում են մարդկանց, ովքեր տարիներ շարունակ շատ լուրջ ներդրում են ունեցել իմ կայացման գործում: Հատկապես ուզում եմ նշել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ ամեն ինչ արել է, որ ես հանդես գամ բարձրագույն ակումբներում, խաղամ լավ ֆուտբոլ եւ օգուտ տամ Հայաստանին ու իմ ժողովրդին եւ հիմա էլ Ռուբեն Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ես հանդես գամ Եվրոպական ավելի լավ ակումբում: Ես միշտ եւ այսօր էլ շատ լավ հարաբերություններ ունեմ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ ՀՖՖ նախագահը ոչ մի կապ չունի տարբեր լուրերում նշվող տեղեկությունների հետ:

Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի եւ իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ եւ կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որեւէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջեւ, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին եւ կտամ իմ համաձայնությունը կամ` չեմ տա, եթե այն ինձ չբավարարի: Այժմ ես արձակուրդում եմ, շարունակում եմ հանգստանալ եւ գտնվում եմ Փարիզում:

Ռուսական եւ անգլիական տարբեր լրատվամիջոցներ փորձում են ինչ որ խնդիրներ լուծել, կամ իմ գործողություններից փորձում են ին որ եզրակացություններ անել: Այն օրերին, երբ գրում էին, որ ես մեկնել եմ բուժզննում անցնելու, ես այդ ժամանակ Երեւանում էի: Կամ ինձ տեսնելով Վիեննայի օդանավակայանում գրել էին, որ ես մեկնել եմ Ավստրիա եւ սպասում եմ ինչ որ բանի, բայց ես Վիեննայով մեկնում էի Փարիզ եւ քույրիկիս էի ճանապարհում Ժնեւ` աշխատանքի:

Ես այս ընթացքում չեմ ուզեցել որեւ լրատվամիջոցի հետ շփվել, որովհետեւ ես չեմ կարող մեկնաբանել բաներ, որոնցից ես տեղեկություն չունեմ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքում կան կանոններ եւ ես պարտավոր եմ դրանք հարգել:

Խոստանում եմ, որ իմ ֆուտբոլային գործերի հետ ձեզ անպայման առաջինը կտեղեկացնեմ կամ իմ էջի կամ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի միջոցով:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին: Հուսով եմ կարողացա ամեն ինչ ասել ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել