Իշխանությունները պատրաստվում են հանրահավաք անցկացնել, որպեսզի ցույց տան, թե շարունակում են վայելել հանրային աջակցություն։ Միևնույն ժամանակ, նրանք իրենց ապահովագրելու նպատակով հայտարարում են, թե այդ հանրահավաքը ՔՊ-ի հետ կապ չունի։

Ինչպես հուշում է տրամաբանությունը, իշխանություններն անհանգստացած են, որ վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչին արձագանքեց ընդամենը հազար հարյուր մարդ, իսկ դրանից հետո տեղի է ունենում ՀՅԴ-ի հանրահավաքը, որի մասնակիցների թիվը ահագին գերազանցում էր վարչապետի կոչին արձագանքած մարդկանց քանակին։

Փաշինյանը փորձում է ամեն գնով փողոցը տաք պահել, քանի որ իրեն իշխանության բերած փողոցի թուլացումը նշանակում է նաև իր և իր թիմի թուլացում։ Սակայն Փաշինյանը սխալվում է այն հարցում, որ իր հետագա պաշտոնավարումն ապահովելու համար պետք է հույս դնել միայն փողոցի աջակցության և Ֆեյսբուքում ատելության քարոզի իրականացման վրա։

Եթե կառավարությունը չկարողացավ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ապա փողոցը կամա թե ակամա մաշվելու է, իսկ այն ուժերի թիվը, որոնք դեղին քարտ ցույց կտան իշխանություններին, օրեցօր ավելանալու է։ Իշխանությունները հասել են մի ջրբաժանի, որից հետո այլևս պոպուլիզմի միջոցով հնարավոր չէ պահել իշխանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել