Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո) միջև որևէ միջադեպ չի եղել, վերջինը քաղաքապետարանի պաշտոնյային չի ապտակել: Այդ մասին Hayeli.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Նա նշեց, որ ինքը տեղեկատվությանը ծանոթացել է մամուլից և խիստ զարմացել, քանի որ իր ու ՀՀԿ-ական ավագանու անդամ Աշոտ Պապայանի միջև որևէ խնդիր երբևէ չի եղել. «Ես իրեն անգամ չեմ էլ ճանաչում, ուղղակի գիտեմ, որ մեր՝ ավագանու ՀՀԿ խմբակցությունից է, նորմալ աշխատանքային հարաբերություններ են, ընդհանրապես որևէ բան չի եղել ու չէր էլ կարող լինել»,- նշեց քաղաքապետարանի վարչության պետը: Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուներին, գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև: Ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան էր թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն անգամ ապտակել է Արսեն Ամյանին:
Աշոտ Պապայանը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ վերջինը Նոր Նորք վարչական շրջանում խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը՝ նրան արգելելով նկարահանել: ՀՀԿ-ականը քաշքշել էր լրագրողին, ձեռքից վերցրել տեսախցիկը և ջնջել տեսանյութը:
Աղբյուրը՝ Hayeli.am



