Ֆրանսիաբնակ Սեդրակ Վարդապետյանը տիկնոջ հետ Փարիզի հայկական հեռուստաալիքներով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» կոչը լսելուց հետո որոշում է գալ Հայաստան ու ընդունել երկքաղաքացիություն: Գալիս է, դիմում անձնագրային և վիզաների վարչություն և հանդիպում աներևակայելի խնդիրների: Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում պատմեց ինքը՝ 70-ամյա պարոն Սեդրակը, ով չէր կարողանում զսպել զայրույթը: «Անձնագրային և վիզաների վարչության պետը՝ պարոն Մուրադխանյանը, ինձանից փաստաթուղթ է պահանջում, որտեղ պետք է գրված լինի, որ ես հայ եմ: Ցույց եմ տալիս անձնագիրս, որտեղ գրված է անուն-ազգանունս: Բացի հայ մարդուց, ասացեք խնդրեմ,  ուրիշ էլ ո՞ւմ ազգանունը կարող է լինել Վարդապետյան: Բայց գնդապետն ինձ պատասխանում է, որ ազգանունը հիմք չէ»,- պատմում է Ֆրանսիայի քաղաքացի Սեդրակ Վարդապետյանը՝ շարունակելով, թե երբ Մուրադխանյանին հարցրեցի՝ որտեղից բերեմ փաստաթուղթ, որ ես հայ եմ, ոչինչ չպատասխանեց: Սեդրակ Վարդապետյանի խոսքով՝ խնդրի անհեթեթությունը ակնառու է հատկապես իր կնոջ պարագայում, ով ծնվել ու կյանքի առաջին 40 տարիները ապրել է Հայաստանում:

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, 1947 թվականին հայրենադարձվել եմ, ստացել եմ Խորհրդային Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր: Այստեղ սովորել եմ, բարձրագույն կրթություն եմ ստացել, դասավանդել եմ դպրոցում: Երբ 1974 թվականին ես վերադարձա Ֆրանսիա, այնտեղ ինձ 5 րոպեում Ֆրանսիայի անձնագիր տվեցին, քանի որ ես ծնվել էի այդ երկրում: Բայց հետո, երբ Հայաստանն արդեն անկախ էր, մոտ 10 տարի առաջ եկա այստեղ, բնակարան գնեցի, և տարվա մեջ մի 6 ամիս կնոջս հետ անցկացնում ենք Հայաստանում: Ինձ համար անհասկանալի է, որ Հայաստանում անգամ կնոջս, ով ծննդյան վկայական ունի, որից պարզ երևում է, որ ծնվել է այստեղ, չեն տալիս երկքաղաքացիություն՝ ասում են` տեղեկանք բեր, որ դու հայ ես: Հիմա մենք ստիպված կնոջս համար նորից ծննդական ենք հանում, մեզ խոստացել են, որ ծննդականի մեջ գրված կլինի, որ նա հայ է (եթե նշվում է ծնողների ազգությունը, ապա խնդիրը համարվում է լուծված-խմբ.)»,- պատմում է Սեդրակ Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ ինքը վստահել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով Փարիզում հայտարարեց, թե բոլորդ եկեք տուն, հայրենիքը ձեզ է սպասում: «Տիկին նախարարն ասաց, վերցրեք Ձեր անձնագիրը, 6 հատ լուսանկար և մի հատ դիմում, և Դուք կարող եք դառնալ երկքաղաքացի: Եկել են, բա ինչու՞ չեն ընդունում»,- հարցնում է սփյուռքահայն ու տարակուսած ավելացնում, թե Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ ինքը խնդիր է ունեցել ապացուցելու, որ ինքը հայ է:

Մենք փորձեցինք խնդրի հետ կապված պարզաբանում ստանալ նաև ՀՀ ոստիկանությունից, որտեղից ի պատասխան նշեցին, որ երկքաղաքացիություն ստանալու կարգն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանված են ՀՀ կառավարության 1390-Ն որոշմամբ, որով էլ առաջնորդվում է անձնագրային ու վիզաների վարչությունը: Հիշյալ որոշման մեջ թվարկված է, թե ովքեր կարող են դառնալ ՀՀ քաղաքացի կամ երկքաղաքացի: Ըստ այդ կարգի 2-րդ կետի՝  այդ իրավունքը տրվում է 18 տարին լրացած անձանց, եթե նրանք կարողանում են բացատրվել հայերենով, տիրապետում են ՀՀ սահմանադրությանը և վերջին 3 տարում բնակվում են ՀՀ-ում: Հիշյալ կարգի 3-րդ կետի համաձայն՝ եթե անձն ունի հայկական ծագում, ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ կամ որի ծնողները կամ ինքը՝ անձը, նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն  կամ ծնվել են ՀՀ-ում, ևս կարող են ստանալ երկքաղաքացիություն: Այս դեպքում Սեդրակ Վարդապետյանն ինքը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն: Նրա կինը, ինչպես ինքն է փաստում, ծնվել է  ՀՀ-ում, եղել է ՀՀ քաղաքացի, ուստի հայ լինելու մասին տեղեկանքը նրա ծննդյան վկայականը կամ նախկինում ունեցած քաղաքացիությունն է, քանի որ կառավարության որոշմամբ՝ հիշյալ պահանջները նշվում են ոչ թե միաժամանակ, այլ «կամ» արտահայտությամբ, այսինքն՝ բավարար է դրանցից մեկի առկայությունը: Թեպետ կառավարության որոշումը վստահաբար ունի նաև հստակեցման խնդիր՝ հաշվի առնելով, որ հայկական սփյուռքը բազմատարր է, իսկ երկքաղաքացիության հարցով դիմողները կարող են լինել ոչ միայն հայերը:

Աղբուրը՝ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել