
Իլինոյս նահանգում հարբած հայրը երեխային թողել է կայանատեղիում գտնվող ավտոմեքենայի մեջ: Երեխան մահացել է, հավանաբար՝ շոգից: Այս մասին հաղորդում է St. Louis. Today կայքը:
Օֆալոն քաղաքի բնակիչն ուրբաթ օրը գիշերն ավտոմեքենայի մեջ է թողել 2 տարեկան Նաթան Հաբերթին, բաց է եղել ավտոմեքենայի միայն մեկ պատուհանը: Հարբած հայրը քնած է եղել տան հատակին:
Օդի ջերմաստիճանն այդ օրը հասել է 32-ի, իսկ ավտոմեքենայում կարող էր հասնել մինչև 57-ի: Երեխայի մարմինը հայտնաբերել է աշխատանքից վերադարձած մայրը, նա էլ ահազանգել է փրկարար ծառայություն: Երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 40.3-ի: Դիահերձման արդյունքները դեռևս անհայտ են:
32-ամյա հորը չկանխամտածված սպանության, ինչպես նաև 5-ամյա դստեր կյանքը վտանգի ենթարկելու մեղադրանք է ներկայացվել։ Վերջինս մնացել է առանց խնամքի, քանի դեռ հայրը քնած է եղել։