
Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչները ահազանգում են, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի երեկ արած հայտարարությունը, թե ծիրանը մթերվում է 400-500 դրամով, կոնկրետ իրենց մարզում չի համապատասխանում իրականությանը ։
«Դուք կարող եք ինքներդ գաք ճշտեք կամ նույն նախարարությունը տեսնի, թե ինչ գին են տալիս։ Չորս օր է սկսել ենք հանձնել, մինչև երեկ 400 դրամ են տարել, բայց արդեն եկել են զգուշացրել, որ 1 կգ ծիրանը մթերվելու է 300-250 դրամով»,– Tert.am-ի հետ զրույցում իր մոտահոգությունը հայտնեց Խանջյան գյուղի մի ֆերմերը ով նախընտրեց, որ անունը չնշվի։
«Չեմ փորձում մեղավորներ գտնել, տեսա նախարարը խոսում է, ասում է՝ մթերվում է 400-ից 500 դրամով ու իբր թե գյուղացիները գոհ են, բայց որ տեսնում եմ իրականում ինչքանով է մթերվում։ Մենք էլ հո գիտենք, ժողովուրդը գո՞հ է, թե չէ։ Թող ասի 200-500 դրամա, ես ձենս սկսած կնստեի, բայց որ տեսնում եմ, ցավալի է էլի, մարդիկ ինչ ձևի են կատաղած»,- ավելացրեց նա։
Արմավիրցի ֆերմերը հավելեց, թե իրենք մտահոգված են, քանի որ, եթե բերքահավաքի սկզբին նման գին է սահմանվում, ապա այն աստիճանաբար կնվազի։
«Ժողովուրդն արդեն վախենում է, դե հասկացեք, որ 4-5 օր ա արդեն սկսել են էսպես «քցել», բա 10 օր դառնա ինչ ա լինելու։ 4-5 օր է որ հավաքում ենք, մի քանի օրից հասնելու է 10 տոննայի, իսկ դա նշանակում է՝ կներեք լրիվ ծիրանը «ժեխ ա» դառնալու, այսինքն՝ զիբիլ, թափելու բան»,- ասաց նա և նշեց, որ գյուղում շուրջ 1500 տոննա բերք կա։
Հարցին, թե որ ընկերությանն են հանձնում, արմավիրցին, նշեց, որ մեկը չի, այլ մի քանիսն են և ավելացրեց, որ ինքը չի հանդիպել, բայց գյուղացիները նշել են, որ դրանց մեջ է նաև «Սպայկա» ընկերությունը։
«Ասեմ մեկը չի մի քանիսն են, որոնցից 7-8-ը ասում են պատրաստ են մեծ քանակի տանել։ Բացի այդ, ինչ-որ խոսակցություն կա, տվողներից մի քանի հոգի կային, ասեցին, որ «Սպայկան» էլ ա եկել, 300 դրամ են ասում, ես կոնկրետ չեմ տեսել, բայց 99 տոկոսով գիտեմ ճիշտ ա, որ ասում են, գյուղացիները անկապ անուն չեն տա»,- նշեց նա։
Խանջյանցի ֆերմերը նշեց, որ հիմնականում բերքը մթերում են առանց կշռելու և մեկ արկղը 10 կիլոգրամ են հաշվում, չնայած Գյուղատնտեսության նախարարությունը հավատացնում է, որ այդ խնդիրն այլևս չկա։
«400 դրամով մենակ մի հոգի է տարել, մի քանի տոննա էն էլ, դեռ քիչ ա, հիմնականում յաշիկներով են տանում, մի յաշիկը 3000 դրամ, որի մինիմալը 11 կգ է (նկատի ունի մաքուր քաշը – Tert.am), այսինքն ավելի քան 11 կգ է։ Սենց խնդիր էլ կա, քանի որ մեկը խաբում է, գյուղացին գնում ա մյուսի մոտ, սա էլ արդեն գնալով ձեռքերով չափը մեծացնում ա (նկատի ունի ավելի խոշոր բերք է պահանջում – Tert.am), թե էս չափի չէ, ավելի մեծ չափի եմ ուզում։ Հետո էլ մարդն արկղերն ա լցնում, գալիս ա ասում, ես էս չափը չեմ ուզում, վատն ա, որ թողի գնա, ստիպված տալիս են»,-ասաց նա։
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նախ խնդրեց, որ կոնկրետ ասենք, թե ով խնդիր ունի և նրանից փորձեն հասկանալ խնդիրը, իսկ երբ պնդեցինք, որ խնդիրը մեկ մարդու չի վերաբերում, քանի որ մեզ հետ միայն մեկ մարդ չի խոսել, պատասխանեց, թե հնարավոր է մի քանի անհատներ ինչ-որ գին են ասել, դա չի նշանակում, թե նախարարությունը դրանում մեղք ունի։
«Հիմա կարող ա մեկ, երկու անհատ մթերող մտել են ինչ-որ գին են ասել, հիմա գյուղապետի հետ մենք պայմանավորվել ենք, որ մի երեք չորս օրից արտահանողները կմտնեն գյուղ և նորմալ գներով կմթերեն բերքը: Կոնկրետ, եթե իմանանք ով խնդիր ունի, ասեք, մենք դրանով զբաղվենք»,- ասաց նա և հավատացրեց, թե կան այլ մթերողներ, որոնք փորձում են խախտում անել։
«Բայց մենք կանխում ենք, իսկ եթե կոնկրետ ահազանգ լինում է, մենք դրանով զբաղվում ենք: Երեք–չորս օրից մենք կառաջարկենք տարբեր մթերողներ, գյուղացիները ում որոշեն, նրան կվաճառեն իրենց բերքը»,- ասաց նա:
«Խանջյան գյուղում մասսայական բերքահավաքը կսկսվի մի 3-4 օրից, գյուղապետի հետ պայմանավորվել ենք, մթերողները կգնան, այդ օրն ինչ գին լինի, այդ գնով կմթերեն»,– ավելացրեց Ռոբերտ Մակարյանը: