«Նախորդ օրը ԵԺԿ գագաթնաժողովից վերադարձած, այնտեղ մի շարք կարևոր հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա»,– գրում է թերթը և հավելում.

«Ի դեպ, ԵԺԿ հաջորդ համաժողովը տեղի կունենա «Ուլիսեսով» ներծծված Ջոյսի հայրենիքում՝ Դուբլինում։ 2014թ. մարտի 6-ին։ Սամիթի «հմայքը» ոչ միայն այն է, որ դրան արդեն մասնակցելու է նաև «Ժառանգությունը», այլև, որ ԵԺԿ-ն պատրաստվում է Եվրապառլամենտի ընտրություններին, արդեն իսկ աշխատում է իր նախընտրական ծրագրի վրա, ու, որպես մեծ սփյուռք ունեցող երկիր, այս դեպքում արդեն ՀՀԿ-ն կարող է նրա համար անփոխարինելի գործընկեր դառնալ։ Ինչ վերաբերում էր Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարելիք այցին, ինչպես մեր թերթի հետ զրույցում ասել էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, իրենք վաղուց են այն նախապատրաստում և կարևորում են. «Լեհաստանը, որպես Արևելյան գործընկերության ջատագով երկիր, հետաքրքրված է Հայաստան-ԵՄ մերձեցմամբ՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ նոյեմբեր ամսին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը»։

Հիշեցնենք, որ Լեհաստանն օրինաչափորեն համարվում է ԱՊՀ երկրների եվրոպական «կուրատորը» և, որպես ինքնուրույն գործելաոճ ունեցող երկիր, միշտ էլ աչքի է ընկել ասելիքի համարձակությամբ, ինչն էլ իրաքյան դեպքերի ժամանակ առիթ տվեց ժակ Շիրակին բացականչել. «Լեհաստանը կորցրեց լռելու պահը»։ Դատելով հայաստանյան վերջին օրերի՝ ԵԺԿ-Վիեննա-Վարշավա այցերից, կարելի է ասել, որ լեհական համարձակությունը, Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մեկ միլիարդի զենք մատակարարելու ֆոնին, շահեկան է մեզ»,– եզրափակում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել