Կեցցես, Արթուր Եղիազարյան, տարիներ շարունակ բոլորիս տանջող ու հոգի քրքրող մտահոգության մասին ես գրել: Պատահական, զինվորականության ու կռվի, ազատամարտի ու անկախության, Ղարաբաղի մասին պատկերացում չունեցող բաշիբոզուկներ, կատարյալ թալանչիներ պատերազմի տարիներին հափրացան, հագան-կապեցին զենք ու զրահ, մեկ-երկու օրով ֆռֆռացին Երևանում ու այլ քաղաքներում, Ղարաբաղում էլ Ստեփանակերտից այն կողմ չանցան, բայց հարստացան, հարստացան ու հարստացան, 10-15 օրում շարքայինի ու եֆրեյտորի ուսադիրների փոխարեն գնդապետական ու գեներալական ուսադիրներով զարդարվեցին, ասֆալտի ֆիդայուց փոխակերպվեցին ազգային հերոսների, իրենց ապաշնորհության ու նաև որոշ տարածաշրջանների մարդկանց հանդեպ տածած ատելության հետևանքով հարյուրավորների գերեզմանափորեր դարձան... Հիմա դրանք են ղեկավարում ազատամարտիկներին, հիմա դրանք իրենց «մարշալական» դղյակներում քեֆեր են քաշում, իսկ իսկական կռվողները, իրենց արյունն ու կյանքը չխնայողները կա՛մ Եռաբլուրում են, կա՛մ իրենց խղճուկ կացարաններում, կիսաքաղց, աղքատ, մարմիններով խեղված... Նրանց փոխարեն՝ կյանքը վայելում են ցմփոր, տգետ, իսկական վախկոտ, սակայն գեներալական ուսադիրներով քայլող թալանչիները, որոնցից շատերն իրենց անուններն անգամ գրել չգիտեն... 1992-ին, Ստեփանակերտում, երբ ես ընդամենը լրագրողի համեստ պարտականություններ էի կատարում, ընկերներիցս մեկը, տեսնելով, որ նստում եմ ճակատ մեկնող մեքենայի թափքին, հրեց, գցեց ինձ, ասաց. «Կռիվը քո գործը չի, դու գնա ակնարկներդ գրիր»` երևաց այսօրվա գեներալներից մեկը՝ զուգված-զարդարված, կանգնեց մեքենայի կողքին, ինչ-որ ճայթյուն լսվեց, սա մկան ծակին հազար թուման տալով, փախավ դեպի հյուրանոց... Հիմա սրանք հերոս են, իսկ մարտական հարուստ կենսագրություն ունեցողները՝ ընդամենը աղքատ ու արհամարհված մարդիկ... Պատերազմի պարազիտները վայելում են կյանքը, պատերազմի հերոսները՝ կորչում անհայտության ու աղքատության մեջ... Ու դրանց առաջարկած օրինագիծն էլ միայն ու միայն իրենց գրպանների հարցերն է լուծելու, որովհետև եթե խոսում են 35 հազար ազատամարտիկի մասին, արդեն ակնհայտ է, որ շատերին են թղթի կտորներ բաշխել՝ հավանաբար դրանց դիմաց ավելացնելով իրենց հարստությունները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել