Գիշեր է: Լռակյաց ու մթին գիշեր: Օրվա գործերից, հոգսերից, խաղերից ու աղմուկ-աղաղակից հոգնած քնած է քաղաքը: Լուսնի շողին հետևելով տեսնում եմ, թե ինչպես է սահում դիմացի ծիրանենու տերևների վրայով: Գալիս է դեպի ինձ, իմ պատուհանի ուղղությամբ շարժվում, որտեղից լուռ նայում եմ դիմացի ցածլիկ իրար թիկն տված տներին: Հետաքրքիր տեսարան է: Առաջին և երկրորդ փողոցներն իրար միացնող լապտերի լույսերը հանգան, նշանակում է` ժամը երկուսն է: Հանգան նաև մայրուղու լապտերները, սակայն իմ պատուհանից այս կողմ դեռ կյանք կա, դեռ լույս կա կեսգիշերային, որտեղից երազկոտ զույգ աչքեր նայում են լուսնին` երազելով ու երազելով:
Ձգվելով պատուհանից` փորձում եմ նայել ներքևի պատուհաններին` հուսալով, որ լույս կգտնեմ, ավա՜ղ, միայն անդորր ու խավար է, որ զուգորդված լուսնի լույսի հետ են խաղում, անհերթ ու անկարգ, նրանք են այժմ քաղաքի տերն ու տիրակալը:
Որտեղից որտեղ հայտնվում է մի շուն, սկսում է կլանչել, ապա ոռնալ: Թվում է` նա էլ ինձ պես ունի անպատմելի ու սաստկացող ցավ: Թվում է, թե ցավն է ստիպում նրան ոռնալ ու կլանչել:
Նստել ու նայում եմ շուրջս տիրող գիշերային խելակորույս ցավ պատճառող անորոշությանը և չեմ դադարում երազել, որ կգա մի օր, երբ գիշերային խավարը կդադարի ընկերակցելուց: Որ գոնե մի օր ցավի փոխարեն քուն կգա աչքերիս, որ ատամներս սեղմելու փոխարեն կքնեմ երանելի ու անու՜շ քնով:
Երազում եմ: Երազելուց ոչինչ չեմ շահում, բսյց շահում եմ հավատալուց: Հավատում եմ, որ մի օր ցավն էլ հուսահատված կթողնի ու կգնա, որ մեկ ուրիշի մարմնում բույն դնի ու իր առկայությամբ փորձի այդ մեկին ևս ծնկի բերել, խեղճացնել ու չարացնել, չարացնել ցավի, կյանքի, շրջապատի ու ես-իդ նկատմամբ:
Հեռվում՝ հորիզոնում, գիշերը սկսում է նոսրանալ` ուրվագծելով լուսաբացի պատկեր, բայց իմ հոգում դեռ գիշեր է` լի ցավով ու խավարե քողով, որի ճեղքերից անգամ չի կարող լույս թափանցել:
Սիրում եմ գիշերը: Սիրում եմ, որովհետև նա է ականատեսը իմ տառապանքների, որովհետև դարձել ենք անբաժան ընկերներ, ինչպես սիրահարները, ինչպես ցավն ու ես:
Հունիս 2013թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել