
Գրական ընկերներս հիշեցնում են Մայքլ Առլենի մասին, ում աստղը փայլատակում էր հատկապես 20 - ական ու 30 - ական թվականներին, և ում գրքերն առանձնապես հայտնի չեն մեզ` հայ ընթերցողներիս:
Մենք ավելի շատ գիտենք նրա որդուն` Մայքլ Առլեն - կրտսերին, ով փորձեց հասկանալ ու վերագտնել իր հայկականությունը`գրելով «Այցելություն Արարատին» գիրքը, երևի նաև հոր փոխարեն, դեռևս 70 - ականների սկզբին: Այդ գրքի մասին առաջին անգամ խոսեց Վիլյամ Սարոյանը, Երևանում, գրողների տան բեմից. - «Լման է, - ասաց, - ադ գեղեցիկ գրություն»:
Ինքը` Առլեն - կրտսերը, հետո նորից եկավ Հայաստան: Սփյուռքի կոմիտեն հանդիպում էր կազմակերպել նրա հետ, և ես, այն ժամանակ դեռևս երիտասարդ գրող, հանդիպման ավարտին պահը գտա ու ասացի, թե ինչպես է գնահատել նրա գիրքը Սարոյանը: Պատասխանն արագ եղավ ու հետաքրքիր. - «Նա երբեմն հայերենով էր դիմում հորս»:
Մի բանալի կա այս պատասխանի մեջ` երկու հռչակավոր գրողներին ճանաչելու, նրանց միավորողն ու բաժանողը շոշափելու, հայ մարդու ճանապարհները պատկերացնելու համար:
Սարոյանի առողջ ու համարձակ հայկականությունը` ամերիկյան գրականության օվկիանոսում: Եվ Մայքլ Առլենի հեռացումն ու գուցե նույնիսկ հրաժարումը իր հայկականությունի՞ց:
Բայց բառերն արտասանվում են հեշտ, իսկ խորհուրդը լինում է ավելին: Երկուսն էլ` մեծ աշխարհի մարդիկ, սակայն առաջինն անընդհատ շեշտում է, որ իր «անունն Արամ է», իսկ երկրորդը ձգտում առավելագույնս տարալուծվել այդ աշխարհի մեջ:
Մեկն իր փրկությունը տեսնում է ազգության բեռից ձերբազատվելու մեջ: Մյուսը` իր տեսակի անունից խոսելու: Յուրաքանչյուրի էպատաժային հակադարձությունը` ապերջանիկ պատմական ճակատագրի՞ն: Փաստը, որ պատմվածքներից մեկում Առլենը հիշատակել է իր ծագումը, դեռևս աշխարհայացք չէ: Մինչդեռ Սարոյանի ինքնությունը` աշխարհայացք:
Երկուսն էլ լիուլի իրականացրել են սեփական ազատությունը: Երկուսն էլ հարստություն են քսաներորդ դարի գրականության համար: Բայց կենաց արմատը միշտ էլ ... «հանճարեղ անցքեր» է գտնում: Ուստի և «Այցելություն Արարատին» գրքի մեջ դարձ դեպի Արարատ է կատարել նաև ավագ Առլենի հոգին: