Չէ, ինչո՞ւ հարբած,

պարզապես գինի էր և շատ էր,
և ամեն անգամ քո կենացն էր լսվում,
և ամեն անգամ դու չէիր լսում:
Պարզապես տարածություն էր, որ հարկավոր էր... խմել:
Որ հարկավոր էր խմել և հասնել քեզ:
Եվ հասնել... և լռել:
Չէ, ի՞նչ կարոտ,
պարզապես դու չես հերիքում,
անընդհատ չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում
իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք:
Չէ, ի՞նչ սեր,
պարզապես դու փակում ես աչքերդ,
որ ես երազ տեսնեմ,
քայլում ես, որ ես հոգնեմ.
ծնվում ես, որ շարունակվեմ.
հիվանդանում ես, որ ինձ համար բժիշկ կանչեն,
ասում ես` գարուն է,
որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,
ժպտում ես, որովհետև ինձ սազում է,
ծիծաղում ես, որ մարդիկ իմ մասին ասեն` ուրախ մարդ է,

հագնվում ես, որ ես չմրսեմ,
արձակում ես կոճակներդ,
որովհետև ես եմ շոգում...
...Ապրիր,
թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն
իմ աճյունը ծառերի միջով:

 

ՀՈՐՍ

Երեկոն մայիսյան էր և անձրևոտ,
դու մենակ էիր
և ծննդատան առաջ
ետուառաջ քայլելով մտածում էիր,
որ արու զավակները
չպետք է ծնվեն անձրևոտ մի օր,
թե չէ շատ կսիրեն արեգակին,
թե չէ... կվառվեն:
Դու մենակ էիր,
և հեռու էր Լեռը,
և մտածեցիր,
որ քո որդին անպայման կունենա
Անունը Լեռան,
և տխրությամբ հասկացար,
որ նա էլ մենակ կլինի
քեզ նման
և Լեռան պես
...Դու որդուդ հետ էիր,
և քո որդու հայրը
չուներ հայր,
և ծննդատան առաջ,
ետուառաջ քայլելով,
հանկարծ նայեցիր աչքերի մեջ որդուդ
և հասկացար,
որ նա էլ շատ է ուզում
ունենալ որդի,
որ... չկորցնի քեզ:
ՍԵՐ
Ասել է թե`
արթնացել ես այսօր,
որ վաղը հիշես,
թե ինչ էիր անելու երեկ:
Ասել է թե`
երկու խնձորներից
քեզ չի հերիքում
երրորդը
և անընդհատ թվում է, որ այդ պահին
մեկը տրոփում է
քո մասին:
Ասել է թե`
փողոցի շներն անգամ
քեզ ճանաչում են
և «բարև» են հաչում,
որ չմոռանաս
սովորականի պես
ծխախոտ վառել
և շարունակել կիսատ զրույցդ:
Ասել է թե`
արթնանում ես կեսգիշերին
և վախով հասկանում,
որ գիշերուկես է արդեն
ինչ
չես տեսել նրան:
*
Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
քո հետքերը փնտրել միայն
հայտնության մեջ իմ կորուսյալ
պատրանքների
և լոկ այնտեղ,
որտեղ չկաս
ու չես եղել մինչև անգամ:
Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
քեզ հիշելիս
հիշողության մեհյաններում
հեթանոսվող գիշերներին զոհ մատուցել:
Մեր բաժանումը ինձ հիշեցրեց
մեր հիշողության մեհյաններում հեթանոսվող գիշերներին
զոհ մատուցել`

 

քրիստոնյա մի բաժակ սուրճ,
անքնություն,
խաչված մի ցանց պատկերազարդ
և քեզ երբեք չհիշելու ջանքեր
իզուր:
Եվ հիշելով քո շուրթերի գգվանքը գիրգ`
ցնորածիր նախկին տենդով
ջերմ համբուրել
տաք շուրթերը
ծխախոտի
և ծխի անգո քուլաների մեջ
որոնել ինչ-որ պատրանք մնայուն:
Ես սովորեցի աշխարհին նայել
առանք քո աչքերի,
քո ժպիտով չժպտալ մարդկանց
Եվ չփնտրել քո խենթությամբ
անհայտ արահետներ:
Ես սովորեցի փողոցներում
Չորոնել քո հայացքի տաքությունը`
ծարավ մոլեգնությամբ:
Ես հասկացա,
որ ամենից քիչ
ինքներս հենց մենք գիտենք
և այդ պատճառով
մենք մեզ փնտրում ենք ուրիշների մեջ,
իսկ երբ որ գտնում ենք ինչ-որ չափով`
միայն կորուստն է դրանից դառնում ծանր ավելի...
Եվ հասկացա,
որ այն չափազանց ճշմարիտ է
բարձր ասելու համար
(իսկ մենք սիրում ենք գեղեցիկ ստեր),

 

որ այս ամենը կարելի է
լոկ հասկանալ
և հանկարծ... լռել,
և բաժանվել կարելի է...
չբաժանվելով,
ինչպես և սիրել... չսիրելու պես
և համուրել կարելի է... (նույնիսկ համբուրել)
խղճալու նման...
և ես հիմա
սովորում եմ
բաժանվելով
չբաժանվել...
...այսինքն` իսկապես
բաժանվել քեզնից...
Շարունակությունը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել