ՀՀ կառավարությունը ԱԺ-ում հանդես է եկել հերթական նախագծով, համաձայն որի` մինչ այս եթե թույլ էր տրվում արագության գերազանցումը սահմանվածից 10կմ/ժ-ով, ապա, նախագծի համաձայն, անգամ 1կմ/ժ-ով արագությունը գերազանցելու դեպքում վարորդը կտուգանվի համապատասխանաբար նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ենթադրություն կարելի է անել, որ կառավարությունը ամեն ինչ անում է նվազագույն աշխատավարձի բարձրացումը կոմպենսացնելու` ժողովրդից նորից հետ ստանալու համար: Այսինքն` առաջ եթե վարորդը տուգանվում էր, ապա նվազագույն աշխատավարձի տասնապատիկը կազմում էր օրինակ 10 000 դրամ, այժմ` բարձրացումից հետո այն կկազմի 15 000 դրամ: Ավտոմատ կերպով ստացվում է, որ կառավարությունը ջանում է այս բնագավառը ևս կապել նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ, սակայն այն անդրադառնալու է ժողովրդի վրա բացասական կողմով, քանզի ավելի շատ գումար են մուծելու տուգանվելու համար:
Հավելեմ նաև, որ 2012 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս ՃՈ-ն ինքը խոստովանեց, որ արագաչափերի հաշվին գերակատարել են բյուջեի պլանը: Եթե այդպես է, հարգելի կառավարություն, ապա ի՞նչ նպատակ ունի վերոնշյալ նախագծով հանդես գալը ԱԺ-ում: Ի՞նչ է, ուզում եք փող հավաքելո՞ւ վարչարարությունը զարգացնե՞լ: Վստահեցնում եմ, սա ոչ ճիշտ քաղաքականություն է նշածս զարգացնելու համար, քանի որ տվյալ բնագավառը առանց այդ էլ գերակատարում է իր առաջ դրված պլանը:
Հ.Գ. Կարելի է ենթադրել, որ ՀՀ ոստիկանությունը այս քայլով ոչ թե ձգտում է ճանապարհատրանսպորտային խախտումները կանխարգելել և այդ ոլորտում բարեփոխումներ մտցնել, այլ այս նախագիծը ընդունողների «թեթև» ձեռքով ստանալ գերշահույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել