ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս

Մամուլում հայտնված տեղեկատվությունն առ այն, թե Ադրբեջանը ՌԴ-ից հարձակողական տեսակի զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել, որոշակի հետարքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, քանզի կա վտանգ, որ տարածաշրջանում կտրկուկ փոխվում է ուժերի հավասարակշռությունը: Սա, միայն, առաջին հայացքից: Իրականում զինտեխնիկայի վերջին խմբաքանակը կարող է ավելացնել միայն Ադրբեջանի ռազմական պոտենցյալը, բայց ոչ փոխել ուժերի հավասարակշռությունը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը աստիճանաբար բարդացնում է իր ստրատեգիական ու մարտավարական նպատակները: Խնդիրն այն է, որ նոր ռազմական տեխնիկան ոչ միայն հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում ձեռք բերման համար, այլև`մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում դրա պահպանումն ու շահագործումը: Փաստ է, որ Ադրբեջանը չունի Т-90С տանկերի շահագործման մասնագետներ և պետք է դիմի ռուսների մատուցած վճարովի ծառայություններին, սակայն ռուսները ևս ծանոթ չեն այս զինատեսակին, չհաշված գործարանային և փորձարարական մասնագետներին: Բացի դրանից, հարց է առաջանում. ո՞ր տանկերի վրա են մասնագիտանալու ադրբեջանցիները` տանկային պարկի կորիզը կազմող Т-72-ի, թե՞ նոր ձեռք բերված Т-90С-ի խմբաքանակի: Նույնը վերաբերվում է նաև БМП-3 մարտական մեքենաների ու ТОС-1А կրականետ համակարգերի խմբաքանակին:

Չխորանալով ռազմական տեխնիկայի շահագործման մանրամասնություններում`պետք է նշել, որ ռուսական զինտեխնիկայի խմբաքանակի մատակարարումն առաջին հերթին քաղաքական խնդիր է լուծում, հետո նոր` ռազմական: Ալիևը հունիսի 26-ին զորահանդես է անցկացնում և իր վերընտրության նախաշեմին շատ կարևոր է, որ ցույց տա ընտրողին, թե որտեղ է մսխում նավթադոլարները: Նոր զինտեխնիկայի գովազդը առաջիկա ամիսներին չի իջնելու ադրբեջանական հեռուստաընկերությունների եթերից, իսկ ազգաբնակչության շրջանում ստեղծվելու է պատրանք առ այն, որ Ալիևի իշխանությունը լրջագույնս պատրաստվում է պատերազմի և ռազմական ուժի ծանրության նժարը թեքվում է հօգուտ Ադրբեջանի:

Մյուս կողմից, ի դեմս ռուսական զինտեխնիկայի նոր խմբաքանակի Ալիևը հնարավորություն է ստանում շանտաժի հավելյալ միջոցներ կիրառել միջազգային հանրության վրա: Պատերազմի սպառնալիքով միջազգային հանրության ճնշումը հայկական կողմի վրա ավելացնելու մարտավարությունը սկիզբ է դրել հենց Իլհամ Ալիևը 2003-2004 թվականներից և այժմ էլ շարունակում է նույն մարտավարությունը: Իսկ ի՞նչ է արդյունք է ունեցել այս մարտավարությունը: Հարցը հռետորական է…

Ինչևէ, ՌԴ-ից ստացած վերջին խմաբաքանակը չի փոխում ուժերի հավասարակշռությունը, սակայն սա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է քայլեր չձեռնարկի: Ցանկանում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի: Այս մասին հաջորդիվ…

Միհրան Հակոբյան, պ.գ.թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել