
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «միամիտ» է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հարցում, գրում է The Washington Post թերթն իր խմբագրականում։
Ինչպես հիշեցնում է թերթը, իր եվրոպական շրջագայության ժամանակ ամերիկացի առաջնորդը Պուտինին բնութագրել է որպես ղեկավար, ում հետ կարելի է «կառուցողական հարաբերություններ» ունենալ, որը «հեռացնում է մեզ «սառը պատերազմի» ժամանակների մտածելակերպից»։
Ըստ թերթի՝ Օբամայի նման կարծիքը Պուտինի մասին «սահմանափակ» է, քանի որ ամերիկյան պետության ղեկավարը մտածված արհամարհում է Պուտինի վարքագիծը։ Իր վերջին ելույթներից և ոչ մեկում ամերիկացի առաջնորդը չի հիշատակել ՌԴ ներքաղաքական կամ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։
Միևնույն ժամանակ Պուտինը, գրառման հեղինակի կարծիքով, սկսել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր ամենահզոր քաղաքական ճնշումները. ոչ միայն ընդդիմադիրները, այլև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են դատարանի առաջ կանգնում կամ ստիպված լքում երկիրը։ Բացի այդ, թերթը հիշեցնում է ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ նոր օրենքների մասին։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությանը, ապա Պուտինն այն «կառուցում» է հակաամերիկանիզմի վրա։ «Դժվար թե ռուս առաջնորդը փոխի իր դիրքորոշումը նաև միջուկային պոտենցիալի կրճատման հարցում, ինչի ակտիվ կողմնակիցն է Օբաման»,- գրում է թերթը։
Ռուսաստանցի առաջնորդի հետ հարաբերություններ պահպանելն անհրաժեշտություն է, սակայն այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ լռելը՝ գործարքներ կնքելու նպատակով, ոչ իրատեսական, ոչ էլ պրագմատիկ չէ, կարծում է թերթն ու Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնի գործողություններն անվանում «համառ լավատեսություն»։